Վինսենթ Վան Գոգ

Հոդվածի հեղինակ՝ Ա. Ապիտոնյան 


«Միայնակությունը բավականին մեծ ողբերգություն է, որը նման է բանտախցի»: 

Հոլանդացի նկարիչ, ծնված 1853թ.: Ամենահայտնի նկարիչներից է, ում ստեղծագործությունները չափազանց գրավիչ են իրենց մեջ պարունակող հակասություններով. վառ գույները՝ համակցված տխրությամբ, հիասթափությունը՝ հույսով ու պայքարով լցված, կանգ առած ակնթարթը, որի մեջ երևում է կյանքի ռիթմն ու շարժը: Այս ամենն արդեն նկարագրում է հենց Վան Գոգին. հակասական, անդադրում, տխուր՝ հույսի շող փնտրող: 
Այս նկարն ունի մի քանի անվանում, որոնցից մեկն է <<Հավերժության դարպասների մոտ>>: Վան Գոգը պատկերել է ծերունու, ով ունի մահացու հիվանդություն: Ծերունին հակված է իր բռունցք արած ձեռքերին, որոնք դեպի իրեն են ուղղված: Հակված գլուխը հուսահատության, անուժության նշան է, այսինքն ծերունին գիտակցում է, որ մոտ է մահը, սակայն բռունցք արած և դեպի իրեն ուղղված ձեռքերը խոսում են ագրեսիվության, որը ուղղված է ուժերը կենտրոնացնելուն, զայրույթի, պայքարի մասին: Հատակին ամուր հենած ոտքերը խոսում են ծերունու մոտ ապրելու հաստատակամության մասին: 
Վան Գոգը ծնվել է մի ընտանիքում, որտեղ հայրը քահանա էր, հորեղբայրները նկարներ էին վաճառում: Եվ նա իր կյանքում փորձում է գնալ և՛ հորեղբայրների, և՛ հոր ճանապարհով…կարծես այստեղից էլ սկսվում է նրա հակասական ձգտումներն ու անընդմեջ իրեն գտնելու մղումը: Նա փորձում է զբաղվել արվեստի ստեղծագործությունների վաճառքով, սակայն անփույթ աշխատելու համար նրան հեռացնում են աշխատանքից: Այս անգամ նա գնում է հոր հետքերով և որոշում է ընդունվել աստվածաբանության ֆակուլտետ: Սակայն կանոնավոր ռեժիմը, դասերին մշտապես մասնակցելը նրա համար չէին, ուստի նա որոշում է քարոզիչ դառնալ: Սակայն այս աշխատանքից էլ են նրան հեռացնում, քանի որ ծայրահեղական էր նրա քարոզը:  
Թեո, նրա փոքր եղբայրն է, ով մշտապես եղել է նրա լույսն ու հույսը: Հավանաբար Վան Գոգը իր կենսուրախ դեղինը մեզ տվել է, ոչ միայն իր տեսողական խնդիրների արդյունքում (այդպիսի վարկած կա), այլ նաև Թեոից ստացած կյանքի հանդեպ հույսի և ուրախության արդյունքում: Թեոն մշտապես օգնել է եղբորը, այս անգամ էլ հրավիրում է Փարիզ, որտեղ պատկերասրահ ուներ և ծանոթ էր ժամանակակից նկարիչներին: Այստեղ Վան Գոգը գտնում է իրեն, լցվում է նրա ստեղծագործական ոգին, բայց կրկին հիասթափություն է ապրում, այս անգամ իր սիրելի նկարիչների միջև մրցակցությունը տեսնելով, և հեռանում է Փարիզից դեպի Առլ քաղաք:  
Առլում նա վերջնականապես տրվում է խմիչքին, հաճախակի ունենում վեճեր, ինչի արդյունքում քաղաքի բնակիչները դիմում են քաղաքապետին՝ նրանից ազատվելու համար: Վինսենթը ինքնակամ տեղափոխվում է հոգեբուժարան: Վան Գոգը հիասթափություների շարք էր ապրում, այդ թվում նաև կանացից: Միգուցե նա ավելի՞ն էր սպասում մարդկանցից, քան նրանք կարող էին տալ: Կա վարկած, որ դեպրեսիաների ընթացքում նա մարդկանց չէր նկարում, նրա միակ բարեկամը դառնում էր բնությունը:  
Վինսենթի կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկը նույնպես կապված է Թեոյի հետ: Թեոն կազմակերպում է Վինսենթի նկարների ցուցադրությունը, որտեղ վաճառվում է նրա ստեղծագործությունը: 
Թեոյի կյանքում սկսվում է դժվար մի փուլ և նա չի կարողանում հոգ տանել Վինսենթին: Վինսենթը կրկին վերադառնում է հոգեբուժարան, որտեղ ինքնասպան է լինում:  
Վան Գոգը ողջ կյանքում փնտրում էր մի վայր, որտեղ կարող էր ապրել… Այժմ մարդիկ, որոնց այնքան չէր սիրում նա, գտել են նրա համար հիմնական բնակության վայրեր՝ աշխարհի հայտնի թանգարաններում:

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար