Թշնամանքի մեջ առավել կարևոր տեղ զբաղեցնող հույզերն են զայրույթը, զզվանքը և արհամարհանքը: Թշնամանքը ներառում է նաև հակումները, աֆեկտների փոխկապակցությունները և, սովորաբար, նաև թշնամանքի օբյեկտին վնաս պատճառելու հետ կապված մտքերն ու պատկերները: Այդպիսի պատկերները և ցանկությունները անպայման չէ, որ օբյեկտին վնաս պատճառելու իրական մտադրություն պարունակեն: Թշնամանքը խոսքային կամ ֆիզիկական ակտիվություն չի ներառում: Թշնամանքի մեջ մտնում են նաև իմացական տարրեր, քանի որ նման հոգեվիճակ ապրելու համար մարդիկ պետք է կամ ընկալեն որևէ օբյեկտ, կամ այն պատկերացնեն գիտակցության ոլորտում, կամ էլ կանխատեսեն նրա հայտնվելը: Այդ իմացական տարրերը, ինչպս նաև զայրույթ, զզվանք և արհամարհանք առաջ բերող օբյեկտների մասին մտքերը իմացական գործընթացներ են: Հետևաբար` թշնամանքը հուզական-իմացական համադրություն է:
Շատ կարևոր է հստակ պատկերացում ունենալ թշնամության և ագրեսիայի կապի մասին, մանավանդ, որ առօրյա պատկերացումներում դրանք հաճախ շփոթում են: Թշնամանքը ներհոգեկան բարդ իրավիճակ է, հուզա-մտային համադրություն, իսկ ագրեսիան թշնամանքի դրսևորումն է վարքում, այդ թվում նաև` խոսքում: Արտաքնապես ագրեսիվ գործողություններ մարդիկ կարող են կատարել նաև առանց օբյեկտի նկատմամբ թշնամություն զգալու, օրինակ` ուրիշներին ընդօրինակելով, սոցիալական մոդելներին հետևելով:
Ընդհանուր առմամբ ագրեսիան որոշվում է թշնամանքով, դրա հետ մեկտեղ ագրեսիվ գործողությունը թշնամանքի վրա կարող է հակադիր ազդեցություն գործել` ուժեղացնելով կամ թուլացնելով այն: Այսպիսով, թշնամանքը դիտարկվում է որպես բարդ մոտիվացված իրավիճակ, իսկ ագրեսիան` որպես նրանից բխող վարք:
Այս բնութագրումները ցույց են տալիս, որ, չնայած թշնամության և ագրեսիայի դրսևորման հուզական նմանություններին (դեմքի, ձայնի, կեցվածքի արտահայտություններին), թշնամանքը նույն ագրեսիան չէ, քանի որ վերջինս բնորոշվում է որպես հույզերից տարբերվող ֆիզիկական գործողություն: Աֆեկտի արտահայտություններն արտացոլում են զայրույթ, զզվանք, արհամարհանք կամ թշնամանք և դրանով իսկ կարող են նաև որևէ տեսակի ֆիզիկական գործողությունների բացակայությամբ հուզական և հոգեբանական վնասներ հասցնել: Հետևաբար, անհրաժեշտ են ինչպես թշնամանքի իբրև հույզի արտահայտության, այնպես էլ` բուն ագրեսիայի կառավարում և վերահսկողություն: Թշնամանքի և ագրեսիայի առկա տարբերությունների ըմբռնումը կարող է նպաստել այդ երևույթների վերահսկման ավելի նուրբ հնարների մշակմանը:
Խոսքային արձագանքները (հայհոյանքը)` ուղղված մեկ այլ անձի, միջանկյալ դիրք են գրավում հույզերի արտահայտման և ֆիզիկական գործողությունների միջև:Նրանք իրենցից ներկայացնում են շարժողական ակտի մի տեսակ, բայց նրանց պատճառած վնասը զուտ հոգեբանական է (ինչպես և թշնամանքի դեպքում): Խոսքային հարձակումը ավելին է, քան պարզապես հույզերի դրսևորումը, դա ավելի շուտ հույզերի հետևանքն է, քան նրա մասը: Հետևաբար, ավելի ճիշտ է դրանք դիտարկել որպես ագրեսիայի ձև:
Երբ մանդ ագրեսիվ գործողություններ է կատարում, ապա այն միշտ որոշ հետադարձ ազդեցություն է ունենում նրա թշնամանքի վրա: Որոշ դեպքերում թուլացնում է` լիցքաթափելով այդ բարդույթի եռանդը, իսկ որոշ դեպքերում, ընդհակառակը, ուժեղացնում, ամրապնդում է:
Հետ