ՍԱՆԴՐԱ ՍՔԱՐԻ, ՎԻԼՅԱՄ ԵՎ ՋՈՆ ՄԱԿԿՈՐԴՆԵՐԻ ԱԳՐԵՍԻՎ ՎԱՐՔԱԳԾԻ ՁևԱՎՈՐՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս է պատահում, որ ագրեսիան մարդու մեջ այնչափ է ահագնանում, որ այլևս հնարավոր չի լինում նրան անպատիժ թողնել: Որո՞նք են այն նախադրյալներն ու գործոնները, որ նպաստում են ագրեսիայի սերմանմանն ու սաստկացմանը և ի՞նչ պետք է անել դրանից խուսափելու համար:   Փորձենք սպառիչ պատասխաններ տալ այս հարցերին և միաժամանակ կստանանք լուծումներն այն հասարակական խնդիրների, որ անտարբեր չեն թողնում և ոչ մի մարդ արարածի:  
Եվ, ի վերջո, համընդհանուր առումով, սա մարդկության սպառնալիք է, որ չի ճանաչում ազգային պատկանելիություն:  Ագրեսիվ վերաբերմունքն ու բռնությունը արդյունք են մի շարք տարատեսակ գործոնների ու ազդեցությունների: Դրանց թվում են ծնողների ոչ բավարար սերն ու գուրգուրանքը հանդեպ զավակի, ծնողների ոչ պատշաճ վերաբերմունքը,   անհետևողականությունն ու դաստիարակչական անպատեհ մեթոդների գործածումը, երեխայի հասունացման շրջանը, ժառանգականության գործոնը, սթրեսային իրավիճակներում հայտնվելու հավանականությունը և այն, թե որքանով է երեխային հաջողվում իրացնել, իրագործել սեփական նպատակներն ու ձգտումները, երեխայի հասարակության հետ հարաբերակցվելու ինչպիսիությունը, հասարակական շփումների հաճախականությունը, այն, թե որքան հաճախ է երեխան հանդիպում սեփական խնդիրները ագրեսիայի միջոցով լուծող մարդկանց, ինչպես է երեխան ընկալում հասարակական կյանքը և ինչպիսին է նրա վերաբերմունքը հասարակության և արտաքին աշխարհի նկատմամբ:    
Ագրեսիվ վերաբերմունքի և վարքագծի վրա ներգործող նախադրյալներից ու գործոններից առանձնակի ուշադրության են արժանի ընտանիքը, որտեղ ծնվում և ապրում է երեխան, հասակակիցների հետ հարաբերությունները և մանկության շրջանը:  
Մարդու հոգեկան առողջության խնդիրներով զբաղվող մասնագետները վաղուց արդեն ընտանիքը սահմանել են որպես անհատականություններ և հասարակության անդամներ պատրաստող հիմնական կառույց: Համաձայն շուրջ 2000 անչափահաս հանցագործների շրջանում անցկացված հարցումների, մեծ է սեփական ծնողների դերը իրենց կյանքերի այդտեսակ դասավորության մեջ:  
Ընտանիքի գործոնի վրա դրվող շեշտը ամենևին էլ չի նշանակում, որ ագրեսիվ անհատները պարտադիր կերպով ձևավորվում են հենց այստեղ կամ միայն ու միայն այստեղ:  
Չէ՞ որ հասարակության մեջ բոլոր ժամանակներում էլ գոյություն են ունեցել թե օրինակելի և թե խեղաթյուրված ընտանիքներ:  
Շատ գիտնական-հոգեբաններ կարևորում են  մարդու կյանքի առաջին շրջանը, այսինքն` մանկությունը, որն իր թե´ բացասական, թե´ դրական անդրադարձն է ունենում մարդու ողջ կյանքի ընթացքում: Մանկության փուլում անհատի մոտ ձևավորվում են որակներ, որ ուղեկցնւոմ են նրան ողջ կյանքի ընթացքում: Սակայն ընդհանրացնելով հարյուրավոր ուսումնասիրությունների արդյունքներ և վերլուծելով արդեն կուտակված փորձը մանկական հոգեբան Սանդրա Սքարը (Sandra Scarr) հավաստիացնում է. «Մարդկային օրգանիզմը զարմանալի դիմացկուն է բացասական ներգործությունների նկատմամբ… միայն շարունակական և չափազանց խորը բնույթ կրող բացասական ապրումները կարող են արմատներ գցել անհատի ներաշխարհում և հետագայում անդրադառնալ նրա զարգացման վրա»:  Այստեղ արդեն գործ ունենք մարդ արարածի հարմարվողականության հետ: Վերջինս պայքարում է բացասականի, վատի, չարի դեմ մինչև մի որոշակի կետ, այնուհետև վայր է դնում զենքերն ու ադապտացվում տվյալ իրավիճակին, այսինքն` դառնում է այն, ինչ իրենից ապհանջում են:   
Սակայն նկատենք, որ ծնողներն իրենց որդիներին գիտակցաբար չեն դարձնում հանցագործներ: Թերևս չի գտնվի գեթ մի ծնող, որ ցանկանա հանցագործ զավակ ունենալ:   Սխալը թույլ է տրվում ծնողների անհետևողականության,  անզգուշության և անտարբերության պատճառով: Անտեղի և առանց նրբանկատության արվող նկատողությունը, նախատինքը, սխալ պատիժը կարող են անդառնալի հետևանքներ առաջ բերել և հիմնովին խարխլել սեփական զավակի կյանքը: Ծայրաստիճան ագրեսիվ անհատները, որպես կանոն, տևական անբարենպաստ ներգործությունների արդյունք են:   
Հոգեբանության պատմության մեջ առկա են բազմաթիվ հետազոտություններ, որոնք բացահայտում են, թե ինչպես ընտանիքը կարող է ազդել մարդու մեջ հակահասարակական հակումների զարգացմանը: Կարևորելով մանկության փուլը ներկայացնենք Վ. և Ջ. Մակկորդների (1983թ.) անդրադարձը: Մակկորդները ուսումնասիրել են ագրեսիվ և հակահասարակական մղումներով առանձնացող մարդկանց կյանքի բոլոր շրջանները` մանկությունից սկսած` հասկանալու համար, թե այդ անհատները մանկության տարիներին ինչպիսի պայմաններում և միջավայրում են ապրել, ինղպիսին է եղել ընտանիքի վերաբերմունքը նրանց նկատմամբ, ինչպիսի վարքագծով են առանձնացել այդ երեխաները հասակակիցներից և արդյոք ընտանիքում կամ շրջապատում եղել են որևէ կանխատեսումներ կապված երեխայի ապագայի հետ: Չանդրադառնալով մանրամասներին ասեմ միայն, որ հեղինակները մեղավոր էին ճանաչել ծնողներին, ովքեր անփույթ ու անխնա էին սեփական զավակների հետ դեռևս մանկության տարիներին և երեխաների մեջ ձևավորվել էր անվստահություն, թերարժեքություն և ագրեսիվ վերաբերմունք դեպի հասարակություն, դեպի արտաքին աշխարհ:     
Ագրեսիվ վարքագծի ձևավորման վրա կարելի է ազդել ուղղակի և անուղղակի ձևով: Այս առնչությամբ Մակկորդը նկատում է. «Եթե նույնիսկ ծնողներից մեկի վերաբերմունքը հակադրվեր մյուսին, այսինքն` կոնկրետ այս դեպքում մայրը ցուցաբերեր հակառակ, ալտերնատիվ վերաբերմունք, թերևս Գլենը չդառնար հակահասարակական տարր, այսինքն` տվյալ խնդրի շուրջ տեսնելով ծնողների տարբեր վերաբերմունքները, ունենար ընտրելու հնարավորություն, ում ցուցումներին հետևել, ում խրատները լսել: Սակայն Գլենի դեպքում մայրը չեզոք դիրք էր գրավել և երեխայի հսկողությունն ու դաստիարակությունը ամբողջությամբ հոր ձեռքերում էր»:        
Երեխան իր կյանքի կարևորագույն երկու գործողությունները ծավալում է ընտանիքում, այսինքն` քնում և արթնանում է ընտանիքում: Սա է պատճառը, որ անհատի որպիսիության մեջ անփոխարինելի է ընտանեկան կյանքի գործոնը: Մարդու կյանքի առավելագույն մասը անց է կենում ընտանիքում, որում առկա, առաջին հայացքից աննշան թվացող ցանկացած միավոր անդրադառնում է երեխայի ներաշխարհի, հոգեբանության, արժեհամակարգի վրա:  

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար