Պատասխանատվությունը որպես անձնական աճի բանալի

Ժամանակակից հոգեթերապիայի մեջ առանձնահատուկ տեղ ունի ամերիկացի հոգեթերապևտ և փիլիսոփա Իրվին Յալոմը, ում էքզիստենցիալ մոտեցումը կենտրոնանում է մարդու ազատության, ընտրության և պատասխանատվության վրա։ Յալոմի համոզմամբ՝ մարդը չի կարող հաղթահարել իր դժվարությունները, քանի դեռ չի ստանձնել դրանց պատասխանատվությունը։ Երբ մարդը չի տեսնում իր դերը, նա իրեն զգում է արտաքին հանգամանքների զոհ և կորցնում է իր կյանքի վրա ազդեցություն ունենալու ուժը։

Երբ մարդը պատասխանատվություն չի զգում իր դժվարությունների համար, նա հակված է մեղավորներ փնտրելու՝ գործընկերների, ճակատագրի, ծնողների կամ հասարակության մեջ։ Այս դեպքում մարդը դառնում է պասիվ դիտորդ՝ հավատալով, որ իր կյանքը կառավարում են արտաքին ուժեր։ «Ես պարզապես անհաջողակ եմ» կամ «դա ուրիշների մեղքն է» ձևակերպումները հենց այս մտածելակերպի արտացոլումն են։ Սակայն նման մոտեցմամբ մարդն ինքն իրեն զրկում է փոփոխության հնարավորությունից։

Յալոմը խոսում է «պատասխանատվության ունակության» մասին՝ այն մարդու ներքին կարողությունն է որոշելու, թե ինչպես արձագանքել իր կյանքի իրադարձություններին։ Թեև մենք չենք կարող վերահսկել բոլոր հանգամանքները, միշտ ունենք ընտրություն՝ ինչպես վարվել դրանց նկատմամբ։ Այս գիտակցումը մարդուն ուժեղացնում է և դառնում կյանքի որակի արմատական փոփոխության սկիզբ։

Յալոմը հաճախ ասում է․ «Նույնիսկ եթե վատ իրավիճակի 99%-ը ուրիշների մեղքն է, կենտրոնացիր մնացած 1%-ի վրա, որի համար դու ես պատասխանատու։ Այդ փոքր մասը հենց այն կետն է, որտեղից կարող է սկսվել իրական փոփոխությունը»։

Յալոմի հիմնարար գաղափարն այն է, որ ազատությունն անբաժանելի է պատասխանատվությունից։ Շատ հոգեբանական խնդիրներ առաջանում են հենց ազատությունից և դրա հետ կապված պատասխանատվությունից խուսափելու արդյունքում։ Պատասխանատվությունն ընդունելը կարող է վախ առաջացնել, քանի որ նշանակում է՝ մարդն այլևս չի կարող մեղադրել աշխարհին ստեղծված իրավիճակի համար։ Սակայն այդ վախին դիմագրավելով՝ մարդը բացում է անձնական աճի, իմաստի որոնման և ներուժի իրացման դուռը։

Իրվին Յալոմի էքզիստենցիալ մոտեցումը մեզ հիշեցնում է, որ մեր դժվարությունները միայն մասամբ են պայմանավորված արտաքին հանգամանքներով։ Փոփոխությունը սկսվում է այն պահից, երբ մենք ընդունում ենք մեր մասնակցությունը մեր կյանքի տարբեր իրավիճակներում։ Պատասխանատվությունը չի սահմանափակում մարդուն, այլ հակառակը՝ ազատում է նրան, որովհետև ամեն մի ընդունված որոշում հաստատում է մեր ազատ կամքը և ուժը՝ սեփական կյանքը ձևավորելու համար։

 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար