ՄԱՍ 4. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ՁԵՐ ԴԻՄԱՑ ԴԵՌԱՀԱՍ Է: ԴԵՌԱՀԱՍԻ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

Նյութը տրամաբանական վերամշակման ենթարկելու ունակությունը դեռահասների մոտ հաճախ ինքնաբերաբար է զարգանում: Մինչդեռ այդպիսի ունակությունների զարգացումը պետք է դառնա ուսուցչի հատուկ խնդիրներից մեկը: Այդ խնդրի լուծումից է կախված ոչ միայն դեռահասի առաջադիմությունը, գիտելիքների խորությունն ու ամրությունը, այլև նրա բանականության ու ընդունակությունների հետագա զարգացման հնարավորությունը: Սերտ կապ գոյություն ունի ուսումնական նյութի վրա ճիշտ աշխատելու ունակության, դեռահասի բանականության զարգացման և իմացական հետաքրքրությունների միջև: Դրանց զարգացումը հսկայական նշանակություն ունի ապագայի հեռանկարների ստեղծման համար: Սակայն դեռահասների բավականին ստվար մի խմբի մոտ նկատվում է հետաքրքրությունների ցրվածություն և անորոշություն, մասնագիտական մտադրությունների անկայունություն, որը զգալիորեն այլ բնույթ ունի, քան  կրտսեր   դպրոցականների    մոտ : 
Դեռահասության տարիքը զարգացման այն փուլն է, որտեղ ապագայի մասին մանկական երազանքները հերթափոխվում են սեփական հնարավորություններն ու կյանքի հանգամանքները հաշվի առնող խորհրդածություններով: Բայց մասնագիտական մտադրությունների զարգացման գործում այդպիսի տեղաշարժ բոլոր դեռահասների մոտ չի նկատվում: Ոմանք ամբողջապես կլանված են ներկայով և շատ քիչ են մտածում մասնագիտության մասին: Այնուամենայնիվ, շատ դեռահասների համար VII—VIII դասարաններում սովորելու տարիները ապագայի մասին ակտիվորեն խորհրդածելու ժամանակներ են: Ոմանք փորձում են երազանքներից գործի անցնել,  մյուսները իրենց ուժերը մտովի չափում են ապագայում բացվելիք հնարավորությունների հետ, երրորդները փորձում են պարզել, թե իրենց ուժերը ինչ չափով են համապատասխանում մասնագիտության պահանջներին, իսկ չորրորդները ձգտում են իմանալ, թե մասնագիտության բովանդակությունը որքանով է համընկնում դրա մասին իրենց ունեցած պատկերացումների հետ: Շատերը սկսում են վախենալ սխալներ թույլ տալու հնարավորություններից: 
Դեռահասները   տեղեկություններ   են   հավաքում   իրենց   դուր   եկող մասնագիտության   և  այն   ուսումնական   հաստատությունների     մասին, որոնցում այդ գծով կարելի է սովորել: Նրանք մտերիմ ընկերների հետ զանազան  հարցեր  են քննարկում,  հետաքրքրվում  են  համադասարանցիների  նպատակներով:  Ոմանք  սթափ  դատողություններ  են  անում և ճիշտ են գնահատում իրենց հնարավորությունները, իսկ շատերը, ընդհակառակը,   գերագնահատում   կամ  թերագնահատում   են:    
 

Նյութը վերցված Ի. Կոնի «Երեխան և հասարակությունը» 1988թ. աշխատությունից

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար