ՄԱՍ 1. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ՁԵՐ ԴԻՄԱՑ ԴԵՌԱՀԱՍ Է: ԴԵՌԱՀԱՍԻ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

Դպրոցը և ուսուցումը դեռահասների կյանքում մեծ տեղ են գրավում: Սակայն տարբեր երեխաների համար դրանց նշանակությունը նույնը չէ, թեև բոլորն էլ գիտակցում են ուսման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Շատերի համար դպրոցը ավելի գրավիչ է դառնում, քանի որ այնտեղ նրանք հասակակիցների հետ լայնորեն շփվելու հնարավորություն ունեն: Բայց այս հանգամանքը հաճախ բացասաբար է անդրադառնում բուն ուսման վրա: Դեռահասի համար 45 րոպե տևողությամբ դասը ոչ միայն ուսուցման, այլ համադասարանցիների և ուսուցչի հետ շփվելու իրադրություն է, որը հագեցված է շատ նշանակալից արարքներով, գնահատականներով ու ապրումներով: Տարբեր հանձնարարություններ կատարելիս երեխաները շարունակում են շփվել: Միայն դասանյութը խիստ գրավիչ կերպով բացատրելն ու դասի ընթացքում աշխատանքը կազմակերպելիս ուսուցչի դրսևորած վարպետությունը կարող են ստիպել կրտսեր դեռահասին մոռանալ ընկերների ներկայությունը: Նրանց հետ շփվելը ուշադրությունը շեղում է դասից, ընդ որում դեռահասը ունենում է նաև անձնական հետաքրքրություններ և սիրած զբաղմունքներ: Դպրոցում ստացած գիտելիքների հետ մրցակցության մեջ են մտնում նաև այն բազմազան ու հետաքրքրական տեղեկությունները,  որ  դեռահասը քաղում  է ամենատարբեր աղբյուրներից: 
Շրջապատի հետ դեռահասի կենսական կապերի ընդլայնումը թուլացնում է ուսման նկատմամբ նրա հետաքրքրությունը: Ուսումնական գործունեությունը այժմ արդեն ընթանում է նախորդից տարբեր պայմաններում: 
Միջնակարգ դպրոց անցնելու պահին երեխաները միմյանցից տարբերվում են ըստ մի ամբողջ շարք կարևոր պարամետրերի: Այդ տարբերությունները նկատելի են.  
1) ուսման նկատմամբ դրսևորվող վերաբերմունքում, որը կարող է լինել խիստ պատասխանատու կամ անտարբեր,  
2) ընդհանուր զարգացման մակարդակներում, ոմանց մոտ այն շատ բարձր է և հիմնված է տվյալ տարիքի համար խիստ լայն գիտելիքների վրա, իսկ ուրիշները ունենում են նեղ մտահորիզոն,  
3) ուսումնական նյութի յուրացման եղանակներում, ոմանք ունեն ինքնուրույն աշխատանքի և նյութը ըմբռնելու ունակություն, իսկ ուրիշների մոտ ինքնուրույն աշխատանք կատարելու ունակությունները լրիվ կերպով բացակայում են, և այս թերությունը զուգորդվում է բառացիորեն յուրացնելու սովորության հետ,  
4) հետաքրքրություններում, ոմանք ցայտունորեն արտահայտված հետաքրքրություններ են հանդես բերում գիտելիքների տարբեր բնագավառների նկատմամբ և բովանդակալից զբաղմունքներ ունեն, իսկ այլ դեռահասներ համարյա թե զուրկ են իմացական    հետաքրքրություններից : 
Ուսումնական գործունեության թերությունների արտաքին դրսևորվածության աստիճանը տարբեր կարող է լինել: Եթե ցածր դասարաններում դրանցից մի քանիսը երեխաներին չէին խանգարում սովորել, ապա արդեն V դասարանում այդ թերությունները բացահայտ են դառնում և լրջորեն խոչընդոտում են գիտելիքների լիարժեք յուրացմանը: Եթե դրանք ժամանակին չվերացվեն, ապա կարող են հանգեցնել անշրջելի բնույթի հետևանքների, աշակերտը անընդունակ կդառնա ինքնուրույնաբար յուրացնելու նոր ու աստիճանաբար բարդացող նյութը: Դեռահասի ուսուցման պրոցեսի ոչ բարվոք վիճակի առաջին ցուցանիշը ցածր դասարաններում սովորելու փուլի հետ համեմատած նրա առաջադիմության թուլացումն է: Սրա պատճառներից կարող են լինել և ուսման նկատմամբ սխալ վերաբերմունքը, ուսումնական նյութի յուրացման սխալ եղանակների օգտագործումը, և սրանց բնական հետևանքը` գիտելիքների համակարգում բացերի ավելացումը: 


Նյութը վերցված Ի. Կոնի «Երեխան և հասարակությունը» 1988թ. աշխատությունից

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար