Հոդվածի հեղինակ՝ Ժ. Գևորգյան
Կուրությունը օգնեց հասկանալ Ջոն Բրամբլիտի հանճարեղությունն ու անսահման տաղանդը:
Ջոն Բրամբլիտը ծնվել է 1971 թվականին Դալլասում:
Մանկուց տառապել է էպիլեպսիայով: 30 տարեկանում էպիլեպսիան պատճառ դարձավ կուրության: Դրանից հետո նրա աչքերը կարող էին տարբերակել միայն լույսն ու մութը՝ ուրվագծերը: Արվեստը միշտ եղել է Ջոնի կյանքի մի մասը, նա գերազանց ավարտել է համալսարանը և ցանկացել է դասավանդել նկարչություն:
Նա նշում էր. «Ես երբևէ չէի կարող մտածել, որ կարող եմ նկարել անգամ այն դեպքում, երբ արդեն չեմ տեսնի աշխարհը: Տեսողությունս կորցնելուց մեկ տարի անց ձեռքս վերցրի վրձինը»:
Ջոնը մշակել է սեփական ոճը: Նա օգտագործում է տեքստուրային ներկեր, որով էլ կողմնորոշվում է կտավի վրա: Նրա ստուդիայում բոլոր ներկերի տարաների վրա գույները գրված են Բրայլյան համակարգով: Նա գույները տարբերակում է շոշափելով, օրինակ, սպիտակը նուրբ և հարթ է, սևը՝ հակառակը: Այս երկու գույները միացնելով՝ ստանում է մոխրագույն: Հետաքրքրականն այն է, որ նրա նկարները բազմագույն են: Գույները հիմնականում վառ և «մաքուր» են, որը հետևանք է Բրայլյան համակարգով նշված ներկերի: Նկարիչները շատ հաճախ պրոյեկտում են սեփական խնդիրները իրենց նկարներում: Պետք չէ մոռանալ նաև այն փաստը, որ նկարիչը հիվանդ է էպիլեպսիայով, որի դեպքում նկարչությունը, կարծես, հոգեկանի թերապևտիկ աշխատանք է: Այն հույզերը, որոնք դուրս են ժայթքում նկարից, խոսում են նրա իրական հոգեվիճակի մասին: Նայում ես նկարում պատկերված երաժշտին ու զգում նոտաները գույների միջոցով: Զգում ես խնդիրները, որոնք նկարիչն է ունեցել, պայքարը՝ հասարակության մեջ սեփական տեղը գտնելու համար և այդ պայքարը կարմիր ազդանշանի՝ կարմիր գույնի միջոցով տեսնում ենք կտավի վրա: Լայն բացված աչքերի շեշտվածությունը խոսում է նկարչի՝ աշխարհը տեսնելու ցանկության մասին: Ջոնի նկարները հիմնականում հիմնված են իր և իր ծանոթների կյանքի իրական պատմությունների վրա: Տակտիլային տեսողության մեթոդով նա «տեսնում է» իր մոդելները շոշափելով: Այժմ նա կարող է նկարել իրական մարդկանց, որոնց երբեք չի տեսել: Նկարչի կյանքում կուրությունը կարող է լինել կարիերայի ավարտ, բայց ոչ Ջոն Բրամբլիտի համար: