Այսօր ընտանիքը հասարակությունում ունի մի շարք ակնհայտ դժվարություններ, որոնց ուսումնասիրությունը մտահոգում է բազմաթիվ գիտնական ուսումնասիրողների: Այդ դժվարություններից է նաև ամուսնալուծությունների մակարդակի բարձր ցուցանիշը: Այս պրոբլեմի կողքին գնալաով աճում է միայն մեկ ծնող ունեցող ընտանիքների թիվը:
Ինչո՞ւ են մարդիկ ամուսնալուծվում։ Անկասկած, յուրաքանչյուր կոնկրետ ապահարզանի և ապահարզանի՝ որպես սոցիալական երևույթի պատճառը չի կարող նույնը լինել։ Ընտանեկան ողբերգությունները պայմանավորված են և՛ սոցիալական, և՛ միկրոսոցիալական պայմաններով, որում ապրում է տվյալ ընտանիքը, և՛ ամուսինների անձնական, տարիքային, հոգեբանական առանձնահատկություններով:
Այս երևույթները ինչ֊որ չափով ծնունդ են առնում մեր նվաճումների ու սոցիալական ձեռքբերումների պայմաններում, լինելով, այսպես կոչված, անցյալի կողմնակի արգասիք։ Կնոջ տնտեսական ինքնուրույնության, տղամարդուց նրա տնտեսական անկախության աճը վիթխարի է, ամուսնանալիս կանանց մեծամասնությունը հնարավորություն ունի իրեն նյութապես լրիվ ապահովելու։ Ամուսինների տնտեսական անկախությունը, ինքնուրույնությունը, անկասկած բարերար ազդեցություն ունի, բայց միաժամանակ տղամարդուց կնոջ կախվածության թուլացումը երբեմն նշանակում է նաև նրանց միջև եղած կապերի թուլացում:
Մարդու կրթական մակարդակի բարձրացման հետ տեղի է ունենում նաև նրա զարգացման պրոցեսը և նրա կողմից իր անհատականության, անկրկնելիության, նշանակության գիտակցումը, սեփական արժանապատվության զգացման աճը։
Ամենից հաճախ ամուսնալուծություններ հանդիպում են երեխայի կյանքի առաջին տարիներին։ Դա կապված է նրա հետ, որ հայրը չի կարողանում դիմանալ այն բանին, որ մայրը անվերապահորեն իր ուշադրության հիմնական ծավալը տեղափոխում է երեխայի վրա։ Աֆեկտիվ, ցավագին ու խանդոտ ռեակցիա տալով դրան՝ հայրն ինքն իրեն ընկալում է որպես «երրորդ ավելորդ» և հեռանում (հիմնականում վերադառնում իր մոր մոտ) այնտեղ, ուր հիմնականում լրացնում է ուշադրության ու սիրո այն պակասը, որի կարիքն ունի (իր կարծիքով)։
Այս հիմնախնդրի հաղթահարման համար շատ արդյունավետ կլինի նաև համագործակցությունը մանկավարժական և այլ հասարակական կառույցների հետ: Այս իմաստով կարևոր ենք համարում կոնֆլիկտային, պրոբլեմային և ամուսնալուծության շեմին հասած ընտանիքներին ճգնաժամային փուլերը հաղթահարելու համար ստեղծել «խորհրդատվական կենտրոններ»: Նման ընտանիքներին օգնելու համար հոգեբանների կողքին կարող են լինել իրավաբաններ, սեքսոլոգներ, հոգեթերապևտներ, սոցիոլոգներ, մանկավարժներ:
Նման «խորհրդատվական կենտրոններում» առաջարկվում է շեշտը դնել ընտանիքի առանձին անդամների անձնային պրոբլեմների վրա և հոգեբանական շտկումը տանել անձնային աճի կազմակերպմամբ:
Գիտամեթոդական գրականությունում, որտեղ անդրադարձ կա ընտանեկան խորհրդտվության անցկացման սկզբունքներին, առաջարկվում է ամուսնական զույգի հետ աշխատանքի հետևյալ սխեման.
1. Որոշել ամուսնու և կնոջ դրդապատճառները իրենց ընտանիքը պահպանելու համար;
2. Թույլ տալ, որ նրանցից յուրաքանչյուրը ամբողջովին բացի իր վերաբերմունքը ձևավորված ընտանեկան իրավիճակների նկատմամբ;
3. Մշակել դրական թերապևտիկ վերաբերմունք զույգերի մոտ միմյանց հանդեպ;
4. Ուսումնասիրել ամուսնության պատմությունը և ամուսինների հարաբերությունների բնութագրերը;
5. Ձևավորել ամուսնու և կնոջ դրական ու բացասական որակների մասին պատկերացումները;
6. Որոշել ամուսնու և կնոջ ապրումակցման ընդունակությունը;
7. Տեղեկություն ստանալ այն գործոնների մասին, որոնք առկա են տվյալ զույգի տարաձայնություններում;
8. Ուսումնասիրել ամուսնալուծվող զույգերի հարաբերությունների և փոխազդեցությունների մոդելները;
9. Պատկերացում կազմել անուսինների սեռական կյանքի մասին;
Կնոջն ու ամուսնուն բացատրել, որ ողջ ուշադրությունն ու ուժերը կենտրոնացնեն ներկայի ու ապագայի վրա: