Հոդվածի հեղինակ՝ Կ.Գևորգյան
«Արվեստում ես ոչ գիտակ եմ, ոչ էլ՝ սիրողական հետևորդ, ես ուղղակի աղջիկ եմ, ում հարկավոր է ստեղծագործել, որպեսզի ապրի»:
Ֆրիդա Կալոն ծնվել է 1907թ. Մեխիկոյում:Նրա հայրը լուսանկարիչ էր, ծնունդով գերմանացի, իսկ մայրը մեքսիկական ծագում ուներ:
Վեց տարեկանում նա պոլիոմիելիտ է տարել, իսկ հիվանդությունից հետո ամբողջ կյանքում մնացել է կաղ: Նրա աջ ոտքը բարակ էր ձախից, ինչը իր ողջ կյանքի ընթացքում թաքցնում էր երկար շրջազգեստների միջոցով: Այդքան վաղ տարիքից նրա պայքարը լիարժեք կյանքի համար կոփեց Ֆրիդային:
Ֆրիդան զբաղվել է բռնցքամարտով և այլ սպորտաձևերով: 15 տարեկանում նա արդեն սովորում էր Մեխիկոյի լավագույն դպրոցներից մեկում: 18 տարեկան հասակում Ֆրիդան ավտովթարի է ենթարկվում: Ֆրիդան ու իր ընկերը ավտոբուսով տուն էին ուղևորվում, որը հանկարծ բախվեց տրոլեյբուսին: Նա ստացավ ողնաշարի եռակի կոտրվածք, անրակների կոտրվածք, աջ ոտքի 11 ոսկորները ջարդվածքներ էին ստացել, բացի դրանից վնասվել էին նրա որովայնն ու արգանդը, ինչը ազդեց նրա վերարտադրողականն ֆունկցիայի վրա: Նա մեկ տարի շարունակ գամված է եղել անկողնուն, իսկ առողջական խնդիրները մնացին ամբողջ կյանքի ընթացքում:
Հենց ողբերգությունից հետո նա առաջին անգամ իր հորից խնդրեց վրձիններ ու ներկեր: Հատուկ Ֆրիդայի համար ստեղծեցին ենթաշրջանակ, որպեսզի նա կարողանար պառկած նկարել և տեղադրեցին հայելի, որպեսզի նա կարողանար տեսնել իրեն: Նրա առաջին նկարը ինքնանկարն էր, և առհասարակ նրա ստեղծագործությունների մեջ գերակշռում էին ինքնանկարները:
«Ես նկարում եմ ինքս ինձ, քանի որ ժամանակիս մեծ մասը անցկացնում եմ մենության մեջ, և ես այն թեման եմ, որին ամենից լավ եմ ճանաչում»-ասում էր Ֆրիդան: Նրան համարում էին սյուրռեալիստ, սակայն Ֆրիդան համաձայն չէր, քանի որ սյուռեալիստները նկարում էին երազները, իսկ իր նկարներում արտացոլվում էր իրական կյանքը:
22 տարեկանում Ֆրիդան ամուսնացավ մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ, որը 21 տարով մեծ էր նրանից: Նրանց համատեղ կյանքը հարթ չանցավ, և լի էր դավաճանություններով, որը մեծ հոգեկան տառապանք էր պատճառում Ֆրիդային:
«Իմ կյանքում եղել է երկու ողբերգություն. մեկը` երբ ավտոբուսը բախվեց տրոլեյբուսին, մյուսը` Դիեգոն»- ասել է նա:
Եվ այս ամենից բացի երիտասարդ կնոջ երջանկությունը մթագնում էր երեխա ունենալու անկարողությունը:
«Իմ նախածնողները, իմ ծնողները և ես» /1936թ./ նկարում պարզ երևում է նրա` երեխա ունենալու և սերունդը շարունակելու բուռն ցանկությունը: Երեխան, որը պորտալարով կապված է մորը, հիշեցնում է նրա` այդպես էլ չծնված երեխաներին, որոնց նա կորցրել է ներարգանդային շրջանում: Նկարված պատկերները ամբողջովին նկարագրում են նրա հոգեվիճակը, այն բացը, որ երբևէ չի կարող սերունդ տալ, շարունակել իր գենը, որը նկարում կարծես մահանում է իրենց իսկ բակում: Պատկերված փոքր երեխան ինքն է փոքր տարիքում՝ քարացած, սառած: Ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական ցավերը միշտ արտացոլվել են Ֆրիդայի նկարներում:
Ֆրիդա Կալոն մահացել է 1954թ. թոքերի բորբոքումից: Իր մահից կարճ ժամանակ առաջ նա իր վերջին գրառումն է արել իր օրագրում.
«Հուսով եմ, որ հեռացումս հաջող կլինի, և ես այլևս չեմ վերադառնա»: