Հոդվածի հեղինակ՝ Լ. Գրիգորյան
Էդվարդ Մունկը նշում էր. «Ես նկարում եմ միայն հիշողությունները, ոչ մի ավելորդ դետալ, ոչինչ, ինչ ես ինքս չեմ տեսել, այստեղից էլ իմ նկարների պարզությունը, այստեղից էլ իմ նկարների դատարկությունը»:
Մունկի կյանքում կորուստները հաջորդել են մեկը մյուսին: Երբ նա դեռ հինգ տարեկան էր, կորցնում է մորը, դա այն հիմնական իրադարձությունն էր, որ փոխեց իր կյանքը, այնուհետև ինը տարի անց նա կորցնում է իր քույր Սոֆիին: Թեև հայրը շատ հոգատար էր երեխաների նկատմամբ, բայց նրա հիվանդագին հավատացյալ լինելը ծանր է անդրադարձել Մունկի հոգեկանի վրա: Նրա ստեղծագործություններում տանջանքի և միայնության թեմաները հասնում են ծայրահեղության: Ինչպես նա էր նշում. «Հիվանդությունը, խելագարությունն ու մահը այն սև հրեշտակներն էին, որոնք հետևում էին ինձ: Հաճախ ես արթնանում էի գիշերը, նայում շուրջս և հարցնում ինքս ինձ՝ արդյոք ես դժողքում չեմ»: Երբ Մունկը լինում է Փարիզում, նամակ է ստանում հոր մահվան մասին: Թեև վերջին շրջանում նրանց ընդհատված կապին, Մունկը շատ ծանր է տանում այն հանգամանքը, որ չի կարողանում ներկա գտնվել հոր հուղարկավորությանը, որն էլ ծանր հետևանքներ է ունենում իր վրա:
Մունկի կյանքում ճակատագրական է լինում նաև սիրային կապը Տուլայի հետ: Երբ վերջինս նկարչից պահանջում է ամուսնանալ, իսկ Մունկը կտրականապես մերժում է, նա դեղահաբերի միջոցով փորձում է ինքնասպան լինել: Նրանք հանդիպում են խոսելու, սակայն Տուլան Մունկի առջև կրկին անգամ փորձում է ինքնասպան լինել ատրճանակով:
Մունկը, կարծելով ,որ դա ցուցադրական քայլ է, ամեն դեպքում ձեռքով փորձում է պահել ատրճանակը, և արդյունքում կրակոցը հնչում է և վնասում Մունկի ձեռքը: Դրանից հետո նրանց կապը խզվում է, սակայն վատանում է նաև Մունկի հոգեվիճակը: Նրա մոտ կպչուն և մշտապես հետապնդման մտքեր են լինում, դառնում է ագրեսիվ և տեղի-անտեղի բախումներ հրահրում: Նրան ստիպված են լինում տեղափոխել հոգեբուժարան, որտեղ էլ նա մնում է վեց ամիս: Հոգեբուժարանից դուրս գալուց հետո նա իր ստեղծագործություններում սկսում է ավելի կտրուկ գույներ օգտագործել:
1899 թ. Մունկը ստեղծում է «Մահացած մայրը», որում արտահայտում է այն, ինչ տանջել է նրան մանկության սարսափելի երազներում: Այս նկարն ինչ- որ չափով արտահայտում է նրա կարոտը, հուսահատությունն ու խելագարությունը:
Նկարը շատ պարզ է, նրանում չկան վառ գույներ, սակայն կա մորը կորցրած երեխայի ցավը: Մունկը տարիներ անց մխիթարվում է՝ հնարավորություն ունենալով կիսվել իր վշտով հանդիսատեսի հետ:Գլխավոր կերպարը մահացած կինը չէ, որի շուրջ կարող էին սգալ հարազատները: Գունատ դեմքը ետին պլանում է, իսկ նրա դիմաց կանգնած է աղջիկ, նրա աչքերը լայն բացված են, գլուխը՝ ձեռքերով բռնած: Այստեղ Մունկի ողջ կենսագրությունն է՝ մահացած մայրը և քույրը, մահվան և միայնության վախ, նրան հաջողվել է փոխանցել երեխայի հույզերը, քանզի նա իրականում քրոջ միջոցով ներկայացրել է իր ապրումները այդ նույն տարիքում:
Նա արտահայտում է իր վշտի և միայնության մշտական զգացումը երեխայի վարքի միջոցով: Երեխան փակվել է արտաքին աշխարհի ձայներից և չի ցանկանում իմանալ, լսել և ընդունել, որ կորցրել է ամենամոտ մարդուն: Որբացած երեխայի աչքերում արտահայտված ցավ ու սարսափ է, մայրը լռում է…