ՄԱՍ 2. ԴԵՌԱՀԱՍՈԻԹՅԱՆ ՏԱՐԻՔԸ ՈՐՊԵՍ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՏԱՐԻՔ: Ես արդեն մեծ եմ, բայց մեծ Չեմ

Սեփական չափահասության զգացումը կարող է առաջանալ մինչև սեռական հասունացումը: Ֆիզիկական զարգացման և սեռական հասունացման աքսելերացիայի (արագացման) ամենուրեք դիտվող երևույթը պայմաններ է ստեղծում ավելի վաղ տարիքում, քան նախկինում էր, սեփական չափահասության մասին երեխայի պատկերացման առաջացման համար: Այդ պատկերացման առկայությունը ցույց է տալիս, որ երեխան թևակոխել է զարգացման դեոահասության փուլը: 
Ինքնագիտակցության այդ նորագոյացությունը անձի կարևորագույն առանձնահատկությունն է, նրա կառուցվածքային կենտրոնը, քանի որ արտահայտում է մարդկանց ու աշխարհի նկատմամբ դեռահասի կենսական նոր դիրքորոշումը: Այդ դիրքորոշումից են կախված նրա սոցիալական ակտիվության ուղությունն ու բովանդակությունը, նոր ձգտումների, ապրումների և հուզական հակազդումների համակարգը: Դեռահասի սոցիալական առանձնահատուկ ակտիվության էությունն այն է, որ նա մեծ ընկալունակություն է հանդես բերում չափահասների շրջապատում և նրանց փոխհարաբերություններում գոյություն ունեցող կանոնների, արժեքների և վարքի ձևերի նկատմամբ: Այս հանգամանքը հղի է հեռուն տանող հետևանքներով, քանի որ չափահասներն ու երեխաները երկու տարբեր խմբեր են կազմում և ունեն տարբեր պարտավորություններ, իրավունքներ և արտոնություններ: Երեխաների վարքր կարգավորելու համար ստեղծված են բազմաթիվ կանոններ, սահմանափակումներ, հատուկ ՙհնազանդության բարոյականություն՚: Սրանցում արտահայտված է երեխաների կախյալ վիճակը, չափահասների աշխարհում նրանց անիրավահավասարությունը: Շատ բաներ, որ մատչելի են չափահասներին, երեխաների համար արգելված են: Մանկական հասակում երեխան տիրապետում է այն կանոններին ու պահանջներին, որ իրեն ներկայացնում է հասարակությունը: Այդ կանոններն ու պահանջները որակապես փոխվում են, երբ նա մտնում է չափահասների խմբի մեջ: Այն ժամանակ, երբ երեխայի գիտակցության մեջ պատկերացում է առաջանում, որ ինքը մանկական հասակի սահմաններից դուրս է եկել, նա վերակողմնորոշվում է նախկին (մանկական) կանոններից ու արժեքներից դեպի նորերը, որոնք հատուկ են չափահաս տարիքին: 
Չափահասների հետ իրենց հավասար զգալու ցանկությունը դեռահասները դրսևորում են արտաքնապես նրանց նմանվելու, նրանց կյանքի ու գործունեության որոշ կողմերի հետ առնչվելու, նրանց որակները, հմտություններր, իրավունքներն ու արտոնությունները ձեռք բերելու ձգտման ձևով: Ընդ որում առավել ցանկալի են համարվում այն որակներն ու իրավունքները, որոնք առավելագույն ցայտունությամբ ցույց են տալիս, թե երեխաների համեմատությամբ ինչպիսի տարբերություններ և առավելություններ ունեն չափահասները:

Նյութը մշակվել է Ա. Ռեանի «Դեռահասի հոգեբանություն» 2003 թվականի գրքի հիման վրա

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար