ՄԱՍ 1. ԴԵՌԱՀԱՍՈԻԹՅԱՆ ՏԱՐԻՔԸ ՈՐՊԵՍ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՏԱՐԻՔ: Ես արդեն մեծ եմ, բայց մեծ Չեմ

Դեռահասության փուլի սկզբում երեխաները նման չեն մեծերին. նրանք դեռևս շատ են խաղում ու վազվզում, չարաճճիություններ անում և դես ու դեն ընկնում: Նրանք անմիջական են, շարժուն, եռանդուն ու բռնկվող, ակտիվություն են հանդես բերում տարբեր ուղղություններով և հաճախ թեթևամիտ են, ունեն անկայուն հետաքրքրություններ ու հրապուրվածություններ, համակրություններ և հարաբերություններ, հեշտությամբ են ազդեցության տակ ընկնում: Սակայն այդպիսի արտաքին մանկականությունը խաբուսիկ է: Սրա տակ թաքնված են նոր որակների առաջացման կարևոր պրոցեսներ: Դեռահասները, շատ տեսակետներից մնալով որպես երեխաներ, աննկատելիորեն հասունանում են: Չափահասության ձևավորման պրոցեսը միշտ չէ, nր ակնհայտ է: Նրա դրսևորումներն ու նշանները տարբեր բնույթ և ձևեր ունեն: Չափահասության առաջին ծիլերը կարող են մեծ չափով տարբերվել զարգացած ձևերից, հանդես գալ անսպասելիորեն և տհաճ լինել շրջապատողների համար: Հենց կրտսեր դպրոցականի համեմատությամբ նոր ու անսովոր գծերի առատությունն էլ խոսում է այն մասին, որ դեռահասն արդեն հեռանում է իր մանկության փուլից: Այդ նոր գծերը ուղղված են դեպի ապագան, ենթակա են հետագա զարգացման ու հենց դրանց վրա պետք է հենվել դեռահասին դաստիարակելիս: Զարգացման դեռահասության փուլին հատուկ նոր միտումների մասին գաղափար չունենալու և դրանք հաշվի չառնելու դեպքում դաստիարակության պրոցեսը կլինի անարդյունավետ, իսկ անձի ձևավորումը նրա զարգացման այդ պատասխանատու փուլում ձեռք կբերի տարերային բնույթ: 
Դեռահասության տարիքում երեխայի անձի կառուցվածքում առաջ եկող արմատական փոփոխությունները պայմանավորված են ինքնագիտակցության զարգացման պրոցեսում առաջացող որակական տեղաշարժերով: Սրա  հետևանքով  երեխայի  և  միջավայրի  միջև  նախկինում հաստատված հարաբերությունները խախտվում են: Դեռահասի անձի կենտրոնական ու յուրահատուկ նորագոյացությունը նրանում այն պատկերացման առաջացումն է, որ ինքն արդեն երեխա չէ (չափահասության զգացում): Այս պատկերացման գործնական դրսևորումը չափահաս լինելու և այդպիսին համարվելու ձգտումն է: Այդ առանձնահատկության յուրօրինակությունն այն է, որ դեռահասը այլևս չի ընդունում երեխաների խմբին իր պատկանելիությունը, բայց նրանում դեռևս չկա իսկական, լիարժեք չափահասության զգացում, թեև նա ձգտում է դրան և շրջապատողների կողմից որպես չափահաս գնահատվելու կարիք է զգում:  
Չափահասության զգացումը կարող է առաջանալ ֆիզիկական զարգացման ու սեռական հասունացման գործում նկատվող տեղաշարժերի գիտակցման ու գնահատման շնորհիվ: Այդ տեղաշարժերը դեռահասին ավելի հասուն են դարձնում և՛ օբյեկտիվորեն, և՛ սեփական պատկերացման մեջ: Չափահասության զգացման մյուս աղբյուրները սոցիալական են: Այդ զգացումը կարող է ծագել այնպիսի պայմաններում, երբ չափահասների հետ ունեցած փոխհարաբերություններում դեռահասը օբյեկտիվորեն երեխայի դիրք չի զբաղեցնում, մասնակցում է աշխատանքային գործունեությանը և լուրջ պարտականություններ ունի: Վաղ ինքնուրույնությունը և շրջապատողների վստահությունը երեխային չափահաս են դարձնում ոչ միայն սոցիալական, այլև սուբյեկտիվ առումով: Չափահասության զգացումը ձևավորվում է նաև այն ժամանակ, երբ ընկերները, որոնց դեռահասը իրենից շատ ավելի հասուն է համարում, իրեն հետ վարվում են ինչպես հավասարը հավասարի հետ: Սեփական անձի հասունության զգացման առաջացմանը նպաստում է նաև այն, որ դեռահասը իրեն և իր կողմից չափահաս համարվող որևիցե մարդու միջև մեկ կամ մի քանի նմանություններ է տեսնում (ըստ գիտելիքների, կարողությունների, ուժի, ճարպկության, համարձակության): 

Նյութը մշակվել է Ա. Ռեանի «Դեռահասի հոգեբանություն» 2003 թվականի գրքի հիման վրա
 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար