ԱԳՐԵՍԻՎ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Ագրեսիվ մարդու հոգեբանությունը իր բոլոր հնարավոր դրսևորումներով, տևողությամբ, դրա խորացմանը նպաստող արտաքին ու ներքին գործոններով միշտ էլ արժանացել է հոգեբանների առանձնակի ուշադրությանը: Այս երևույթը առկա է եղել բոլոր ժամանակներում: Սա է պատճառը, որ հոգեբանության մեջ գոյություն ունեն բազմաթիվ տեսություններ, որ երբևէ շոշափել են այս խնդիրը:    
Ագրեսիայի հոգեբանական կողմերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այս հակահասարակական վարքի դրսևորումը արդյունք է թե´ բնածին և թե´ ձեռքբերովի ազդակների, այսինքն` այստեղ կարևորվում է թե´ գենետիկան և թե´ հասարակական այն օղակը, միջավայրը, որում ապրում ու զարգանում է մարդը:     
Այսպիսով, ագրեսիայի բնույթը քննարկելիս ու վերլուծելիս հարկ է հավասարապես կարևորել թե´ անհատական գործոնը, թե´ գենետիկ կոդը և թե կենսանախադրյալները:   
Նկատենք, որ ագրեսիվ վարքով առանձնացող անհատը հակահասարակական մասնիկ է: Սակայն սա ամենևին չի նշանակում, որ ագրեսիվ վարվելակերպ դրսևորող յուրաքանչյու փոքրիկ տղա պոտենցիալ հանցագործ է, կամ, որ խաղահրապարակում ծավալվող ցանկացած մանկական ծեծկռտուք վկայում է տվյալ երեխաների հոգեբանական անհավասարակշռության մասին:  Բնավ, ոչ: Խնդիրն առավել խորքային է և այս երևույթի մեղավորներին պետք է փնտրել ամենուր` հասարակության բոլոր օղակներում`ընտանիքում, դպրոցում, բակում: Ընտանեկան հարաբերությունները` մասնավորապես ծնողների միջև եղած հարաբերությունները, դպրոցում և անգամ մանկապարտեզում ուսուցիչների, դաստիարակների համադասարանցիների, հասակակիցների կողմից երեխաների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքը, բակում կազմակերպվող խաղերի բնույթը, հասարակական փոխհարաբերությունները կարող են շատ լուրջ ազդեցություն ունենալ երեխայի որպես անհատի կազմավորման, ձևավորման գործում: Եվ չէ± որ, ըստ էության, մեզանից յուրաքանչյուրը հակված է լինել դյուրագրգիռ և ոչ բարեհամբույր այն ժամանակ, երբ իրեն ինչ-որ բան անհանգստացնում է:    
Անհանգստություն առաջ բերող ազդակները թե´ անհատական և թե´ հասարակական բնույթ կարող են ունենալ:  Ժամանակ առ ժամանակ, երբ դյուրագրգիռ վիճակի վերացման համար համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում և այդ վիճակը տևական բնույթ է կրում, ապա ավտոմատ կերպով խաթարվում է նյարդային համակարգը, որը հանգեցնում է կատաղի և ջղաձիգ պոռթկումների: Այդ իսկ պատճառով, գրգռված վիճակն արտահայտող առաջին իսկ ազդանշաններին պետք է հետևողական վերաբերմունք ցույց տալ, փնտրել այդ վիճակի հարուցիչները և ձգտել նրբանկատորեն վերացնել դրանք: Երբեմն էլ կատաղի պոռթկումների պատճառ է դառնում ինքնատիրապետման կորուստը:  Սա, թերևս, շատերին ծանոթ իրավիճակ է և հազիվ թե գտնվի մեկը, ով իր գիտակցական կյանքում վարքի այստեսակ դրսևորումներ ցուցաբերած չլինի: Մի բան ևս, այն մարդը, ով, հայտնվելով ծայրահեղ ծանր, լարված ու սթրեսային իրավիճակում, ագրեսիվ,   հարձակվողական տրամադրվածություն է դրսևորում, ագրեսոր չես անվանի, քանզի ցանկացած մեկն այդ իրավիճակում կունենար ճիշտ նույն հակազդումը:     
Սակայն, եթե իրավիճակային փոփոխություններից կախված չի փոխվում մարդու ագրեսիվ վարքը, վերաբերմունքը շրջապատի հանդեպ, նշանակում է գործ ունենք վտանգավոր ագրեսորների, այսինքն` հասարակության օտարածին մասնիկների հետ:  
Հաճախ ագրեսիվ վարքի պատճառ է դառնում հասարակության կողմից չընդունվելու, մերժված լինելու վախը:  
Շատ հաճախ ագրեսիվ վարքը գիտակցաբար է դրսևորվում, այսինքն տվյալ անհատը կոնկրետ նպատակ է հետապնդում և ագրեսիվ վարքն ու վերաբերմունքը համարում է այդ նպատակն իրագործելու միակ արդյունավետ միջոցը: Սա նշանակում է, որ ագրեսիվ վարվելակերպը կարող է իր պտուղները տալ: Մարդու ապրած կյանքի փուլերը` մանկությունից մինչ ծերություն, անհետևանք անցնել չեն կարող:  Հիշենք մի շատ կարևոր հանգամանք, ագրեսիվ մարդու հոգեբանական բնութագիրը ճիշտ ու հստակ ներկայացնելու համար պետք է ուսումնասիրության օբյեկտը մտովի տեղադրել հասարակության կենտրոնում և բոլոր դիտարկումները կատարել այս ձևաչափում:  
 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար