«Տատիկի հեքիաթ»-ը՝ Ժեստ հոգեբանական կենտրոնում

Երեխաները մեր ապագան կերտողն են, վաղվա մեր հույսն ու լույսը, և մենք պետք է, պարտավոր ենք նրանց ամեն օրը լցնել հեքիաթով, միասին հավատալ հրաշքների՝ ինչ էլ որ լինի: Այս ոսկե կանոնին հավատարիմ՝ սույն թվականի դեկտեմբերի 23-ին, Ժեստ հոգեբանական կենտրոնում  մեր փոքրիկների օրը վերածվել էր իսկական հեքիաթի՝ ամանորյա իրական ու գունեղ միջոցառման տեսքով: Ծրագրում ամանորյա տոնակատարությունն  էր՝ իր բոլոր ծիսական, ավանդական փուլերով, հայկական գաթայով, խնձորներով զարդարված՝ կենաց ծառը խորհրդանշող տոնածառով և, ինչպես նշում է միջոցառումների կազմակերպիչ Զվարթ Օսիպյանը,   կենտրոնի հետ միասին որոշեցին իրականցնել այս  ծրագիրը՝ Արցախցի և զինվորականների երեխաներին մի փոքր  հեքիաթ պարգևելու, նրանց առօրյան գունավորելու համար:

«Տատիկի հեքիաթ» ծրագրում առանցքայինը տատիկի՝ մամիկի կերպարն էր, որտեղ  տատիկը երեխաների, նրանց ծնողների, կենտրոնի մասնագետների հետ միասին առաջին հերթին մաքրագործման ծես կատարեցին, որն իրենից ներկայացնում էր նաև ժողովրդական խաղ՝ թերապևտիկ ազդեցությամբ. Ամանորից առաջ մարդիկ ֆիզիկական և հոգևոր մաքրման ծեսեր են կատարել (տուն են մաքրել, աշխատել են վատ խոսքեր չասել) և այս ամենը հիանալի կերպով խաղարկվեց երեխաների հետ:
Հետո միասին զարդարեցին կենաց ծառը, հացի երգեր երգեցին, գաթաներով զարդարեցին սեղանը, «Հովհաննես-Պատանես» ժողովրդական խաղը խաղացին: Այնուհետև արդեն ամանորի բարի գալուստի ծեսն էր, որտեղ մամիկը՝ տատիկը օրհնում է տունն ու դուռը:


Մի հետաքրքրական ու շատ խորիմաստ թերապևտիկ խաղ էլ խաղացին երեխաները՝ լույսի մասին հեքիաթը մամիկից լսելուց հետո՝ յուրաքանչյուր երեխա գնաց էր իր լույսի հետևից, որը վերցնելուց հետո բաժանում էր բոլորին:Դե իսկ վերջում՝ երեխաների ամենասիրելի Ձմեռ պապն ու Ձյունանուշը հեռավոր Լապլանդիայից եկան ու բերեցին երեխաների այդքան սպասված նվերները՝ ամբողջացնելով իրական հեքիաթը:

 

 

gmpress.am-ի հետ զրույցում Ժեստ հոգեբանական կենտրոնի տնօրեն, իրավաբանական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մեհրաբյանն ասաց, որ այսօր փորձում են մի շատ ծանր տարի ամփոփել, ծանր ժամանակաշրջան, որը ոչ մի դեպքում չի կարելի ճնշվածության նոտայով ավարտել, այլ սա պետք է բոլորի համար իմաստության ավելացման, դասեր քաղելու տարի լինի՝ հետագայում առաջ շարժվելու համար.  «Պատերազմի սկսվելուն պես, սեպտեմբերի 28-ից սկսած, եղել ենք Այրվածքաբանական հիվանդանոցում, հատուկ հանձնարարությամբ ներգրավվել ենք մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների հետ աշխատանքներում և հենց այս պահին ունենք 1600 և ավել ընտանիքներ կատարած տնայցեր, որոնք շարունակական հոգեթերապևտիկ աշխատանքի մեջ են ընդգրկված և դեկտեմբերի 27-ին Էլիտ Պլազայում ամփոփումը կներկայացնենք: Ութ հարյուր երեխաներ Արցախից, որոնք սեպտեմբերից սկսած մինչ օրս մեր հոգեբանական խնամքի, հոգածության, ուշադրության կենտրոնում են և որոնց շարքերն օր օրի ավելանում են (այսօր ևս 30 բալիկ միացան մեզ՝ դառնալով 830), և այսքան երեխաների խնամքը, բնականաբար, միայնակ չենք կարող կազմակերպել, ճիշտ է, նրանք կացարաններով ապահովված են, բայց Ժեստի՝ դրսի բարեկամները՝ Կարինե Կյությունյանն  ու իր թիմը, Տաթև Մկրտչյանն ու իր թիմը, Լիանա Տիրացվյանը…. օվկիանոսից այն կողմ ապրող մեր բարեկամներն են, ովքեր մինչ այս պահը մշտապես օգնել ու աջակցել են մեզ այս հարցում: Այսօրվա միջոցառումը կայանում է հենց վերջիններիս օգնությամբ և նրանք ամեն դետալին հետամուտ են, այսինքն՝ անում ենք ամանոր և այն անպայման պետք է լինի ծիսական, ավանդական ու իրական: Այստեղ կարոտն ու ապագայի հանդեպ լավատեսությունը շաղախվում է մեկ տեղում, և ես իսկապես վստահ եմ, որ հաղթելու ենք, թե երբ, արդեն ցույց կտա մեր առաջ գնալու հոգեբանությունը: Եթե ազգով որոշենք, որ պետք է նվաճենք Արարատը՝ մենք դա կանենք և շատ կարճ ժամանակում, միայն պետք է որոշել, զինվել ռազմական կրթության գաղափարներով, որը պետք է հրատապ և օրակարգային խնդիր լինի, որովհետև մենք և հատկապես վիրավոր զինվորները՝ ի ծնե մարտիկներ են, և մարտունակության խնդիր մեզ մոտ չկա, մենք խնդիր ունենք աջակցման ՝ նաև ինքներս մեզ՝ ներսից»:
 

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք այս քալով ուզում են ցույց տալ, որ, այնուամենայնիվ, այս տարի պետք է նշել Ամանորը, որ երեխաներին չպետք է զրկել իրենց հեքիաթից, տիկին Մեհրաբյանն ասաց, որ դա պարտադիր է, սա հայկական Ամանոր է, որը չի փոխառվել, ներդրվել և ոչ մի այլ մշակույթից և այն անպայման պետք է նշել. «Տոնը տոն է՝ երեխայի և նրա ընտանիքի համար….իսկ արդյո՞ք երեխայի ընտանիքը պետք է ընկճված լինի,  երեխան կարո՞ղ է այնտեղ ուրախանալ: Ընտանքը պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել և համախմբվել ապագա գաղափարի շուրջ ու ոչինչ դրանից չպետք է տուժի››,- նշեց տիկին Մեհրաբյանը:

Մամիկի կերպարը մարմնավորող Վանուհի Սիմոնյանը, ով «Կէան» կրթամշակութային կենտրոնի համահիմնադիրն է, մեզ հետ զրույցում նշեց իր միայն մեկ ցանկության մասին՝ խաղաղություն, մնացած ամեն ինչը ձեռքբերովի է. «Իմ ամենամեծ ցանկությունն է՝ առանց պատերազմի երկիրը, որ մեր երիտասարդներն այլևս չզոհվեն, որ ցորենն առատ լինի, որ սերը շատ լինի, նոր ընտանիքներ ձևավորվեն, նոր կյանքեր, որ մեր կենաց ծառը միշտ ծաղկած լինի»:

Վերջում հավելենք միայն, որ միջոցառումն անցավ ջերմ, ընտանեկան, լուսավոր և հուսո մթնոլորտում:

 

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար