2022թ. դեկտենբերի 15-ին տեղի ունեցավ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի 15-ամյակին նվիրված միջոցառումը, որտեղ ամփոփվեց տարիներ շարունակ ձեռք բերված փորձն ու ավանդը։ Միջոցառման ընթացքում կրկին կարևորվեց կենտրոնի առաքելությունն ու սկզբունքները. չխախտելով գաղտնիությունը և պահպանելով չվնասելու սկզբունքը՝ զարգացնել հայ հոգեբանական միտքը, մարդկանց օգնել հաղաթահարել մի շարք անձնային, ընտանեկան և այլ խնդիրներ։ Միջոցառման սկզբում կենտրոնի հիմնադիրներ Արկադի և Մարիամ Մեհրաբյանները, կարևորելով այն հանգամանքը, որ իր հիմնադրման օրվանից «Ժեստ» հոգեբանական կենտրոնը սերտորեն համագործակցում է մի շարք բուժհիմնարկների, կրթության ոլորտի ներկայացուցիչների, արդարադատության համակարգի հետ, շնորհակալություն հայտնեցին համագործակցության համար և անվանական պատվոգրեր հանձնեցին յուրաքանչյուրին: Կենտրոնի առաքելությանը հավատարիմ՝ օրվա հրամայականն էր անդրադառնալ Արցախին։ Մեր հայրենակիցների հոգսը թեթևացնելու համար մեր վստահելի գործընկեր «reArmenia»-ն հանդես է գալիս «Արցախում արևային դպրոցներ» նախաձեռնությամբ, ինչն առաջնահերթ բարձրաձայնվեց Լիլ Արամիի կողմից, և որին խոստացանք միանալ նաև մենք։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության պետ գնդապետ Ս․ Ստեփանյանը և ՀՀ ՊՆ փոխգնդապետ, սպա-հոգեբան Արմինե Հովհաննիսյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև «Մադամ Արմենիա» կանանց միությունը, «Մեր տուն» հկ-ն՝ ի դեմս Տիգրանուհի Կարապետյանի, հ.գ.դ. պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը, «Վարդանանք» կրթահամալիրը՝ ի դեմս գործադիր տնօրեն Շուշանիկ Զաքարյանի, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, կին ռեժիսոր Աննա Հարությունյանը, «Ամարաս» պարային համույթի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը, դերասանուհիներ Էմմա Շաբոյանը և Թամարա Գևորգյանը։ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ -ն իր հրաշալի շնորհավորական ուղերձն էր հղել՝ լավագույն բարեմաղթանքներով։ Երկարատև ազնիվ աշխատանքի համար աշխատանքային մեդալներով պարգևատրվեցին կենտրոնի գործադիր տնօրեն Լուսինե Գրիգորյանը, հոգեախտորոշման բաժնի ղեկավար Կիմա Գևորգյանը, հատուկ հոգեբան Աննա Վարդանովան, հատուկ մանկավարժ Ժենյա Գևորգյանը և միջազգային բաժնի ղեկավար Մարիամ Կարապետյանը։ Կենտրոնի մի շարք աշխատակիցներ նվիրված աշխատանքի համար ստացան «Ժեստեցի» մրցանակներ։ Ողջ թիմը անակնկալ էր պատրաստել իր սիրելի կենտրոնին՝ ներկայացնելով պատմական ֆիլմ «դեռահաս Ժեստի» մասին։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց հոգեբանության առաջին հայալեզու գիտագործնական հանրագիտարանը, ինչը ստեղծվել է հինգ տարիների ընթացքում «Ժեստ» հոգեբանական կենտրոնի մասնագետների կողմից, և որը խմբագրել է կենտրոնի բարեկամ, տաղանդավոր խմբագիր՝ Գայանե Պապյանը, ում նույնպես հանձնվեց պատվոգիր։ Հանրագիտարանը կազմված է շուրջ 1100 էջից և բովանդակում է մասնագետների կատարած հետազոտությունները: Գիրքը հասանելի կլինի «Ժեստ» հոգեբանական կենտրոնում վերապատրաստում անցած բոլոր մասնագետներին։ Կարևորելով փորձի փոխանակման գործոնը՝ «Ժեստ» հոգեբանական կենտրոնում կազմակերպվում են ամենամյա գործուղումներ կենտրոնի մասնագետների համար, տպագրվում են արդեն իսկ թարգմանված մասնագիտական գրքեր, ուսումնասիրվում են գիտական նոր ձեռքբերումները, մեթոդներն ու տեխնիկաները, որոնք էլ կենտրոն այցելած այցելուների խնդիրների վիճակագրական տվյալների համեմատական ուսումնասիրության միջոցով ընտրվում և կենտրոնի մասնագետների քննարկմանն են հանձնվում Անձնակենտրոն ինտենսիվ ծրագրային հոգեթերապիայի շրջանակներում: Այս և այլ նպատակներով «Ժեստ» հոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Smart» հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի բացման արարողությունը։ «Ժեստ լաբը» իր գործունեության ընթացքում հասցրել է մի շարք կարևոր հոգեբանական անձնագրեր ստեղծել և տոնական օրը «METAGAIT» կազմակերպությանն, ի դեմս Դավիթ Արսենյանի հանձնվեց երեք ֆոկուս խմբերի արդյունքում ստեղծված անձնագիրը։ Միջոցառման առանցքային իրադարձություններից էր ինքնաճանաչողությանն ուղղված Ֆոբիաների ֆոտոցուցահանդեսը, որը շարունակաբար համալրվելու է։ «Ժեստ» հոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ ևս մեկ ուշագրավ իրադարձություն․ ներկայացվեց կենտրոնի հիմներգը, որի հոգեթով երաժշտության հեղինակը Էմանուել Ակոպյանն է, խոսքի հեղինակները Մարիամ Մեհրաբյանն ու Լուսինե Գրիգորյանը։ Իրենց գեղեցիկ կատարմամբ այս պատմական օրը հանդես եկավ հոգեթերապևտիկ ձայն ունեցող երգչուհի Նարե Գևորգյանը, քնքուշ ձայնակցեցին Ալինա Կիրակոսյանը և հրաշք երգիչ Վլադիմիր Պողոսյանը։
Նկարների համար շնորհակալ ենք Նարեկ Արշակյանին։
Շնորհավորական ուղերձների համար հատուկ շնորհակալություն «Շանթ», «Հանրային», «Աթիվի», «Նոր Հայաստան» հեռուստաընկերություններին, «Առավոտ» թերթի և «Իմ փոքրիկ-impoqrik.am»-ի խմբագրություններին և այլոց։
Հետ