Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների, վերածննդի և ազգային արժանապատվության ամիս է։ Այս օրերին մենք ոչ միայն հիշում ենք մեր պատմական հաղթանակներն ու հերոսական անցյալը, այլև վերաիմաստավորում ենք միասնության, հիշողության և հոգևոր տոկունության արժեքը։ Մայիսյան տոները մեզ համար խորհրդանիշ են դեպի ինքնության վերադարձի, դեպի արմատներ, դեպի մարդկային և ազգային այն ուժը, որը նույնիսկ ամենաբարդ ժամանակներում կարողանում է պահպանել հավատը, մշակույթն ու մարդասիրությունը։
Հենց այս խորքային գաղափարների և հոգևոր կապի ներքո 2026 թվականի մայիսի 4-ին Վերադարձ ֆիլմը, Ժեստ հոգեբանական կենտրոնի հիմնադիր Մարիամ Մեհրաբյանի նախաձեռնությամբ և Քաջարան մասնաճյուղի ջանքերով, ցուցադրվեց Քաջարանի մշակույթի պալատի դահլիճում՝ վերածվելով ոչ միայն մշակութային իրադարձության, այլև խորքային հոգեբանական և մարդկային վերապրման տարածքի։
Միջոցառման կազմակերպման և իրականացման գործում Ժեստ հոգեբանական կենտրոնն իր խորին շնորհակալությունն է հայտնում Մանվել Փարամազյանին, Գայանե Համազասպյանին և Նառա Մկրտչյանին՝ մշտական աջակցության, վստահության և նվիրված համագործակցության համար։ Մեր հարգարժան գործընկերները ոչ միայն աջակցում են կենտրոնի նախաձեռնություններին, այլև իրենց հետևողական աշխատանքով և նվիրումով կարևոր ներդրում ունեն Ժեստ հոգեբանական կենտրոնի Քաջարան մասնաճյուղի զարգացման և համայնքում հոգեբանական առողջ մշակույթի ձևավորման գործում։
Բացման խոսքի ժամանակ Մ․Մեհրաբյանը ոչ միայն ընդգծեց և կարևորեց հոգեբանության զարգացման արդի մարտահրավերները, այլև Սյունիք/Ժեստը համարեց հոգեբանության զարգացման հենասյուն, ինչը պարտավորեցնում է մասնաճյուղի ամենօրյա, ամենժամյա զարգացումը։
Ավելի քան 200 հանդիսատեսի ներկայությունը խոսում էր այն ներքին պահանջի մասին, որն այսօր հասարակությունն ունի՝ լսված լինելու, զգացմունքային կապի, վերապրման և հոգևոր վերադարձի հանդեպ։ Ֆիլմը հանդիսատեսի համար դարձավ յուրահատուկ հայելի, որտեղ յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունեցավ հանդիպելու սեփական հիշողություններին, ներքին պայքարներին, կորստի, հույսի և վերագտնման զգացումներին։
Հանդիպման պատվավոր հյուրերից էր նաև Դոնալդ կրտսեր Վիլսոն Բուշը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 28-րդ նախագահի թոռը։ Նրա ներկայությունը միջոցառմանը հաղորդեց առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն՝ ընդգծելով մշակույթի, հիշողության և մարդկային արժեքների համամարդկային բնույթը։ Նա հայերենով ողջունեց ներկաներին, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց դահլիճում։
Ֆիլմի ավարտից հետո դահլիճում ձևավորվեց առանձնահատուկ մթնոլորտ՝ լի անկեղծությամբ, ապրումով և մարդկային ջերմությամբ։ Հանդիսատեսն ակտիվորեն ներգրավվեց քննարկմանը՝ ոչ միայն ուղղելով հարցեր գլխավոր դերակատար Յուրի Մելիքովին, այլև կիսվելով սեփական ապրումներով ու անձնական պատմություններով։ Այդ պահին կինոդահլիճը վերածվել էր անվտանգ հոգեբանական տարածքի, որտեղ մարդիկ կարող էին խոսել զգացմունքների, ցավի, հույսի և ներքին վերափոխման մասին։
Հանդիպման ամենահուզիչ պահերից մեկը դարձավ այն, երբ Յուրի Մելիքովը կենդանի հնչողությամբ հայերեն երգեց հանդիսատեսի հետ։ Դա ոչ միայն երգ էր, այլ Երազ իմ երկիր հայրենիին նվիրված հոգու ճիչ։ Այդ մի քանի րոպեները վերածվեցին հավաքական ապրումի, որտեղ երաժշտությունը միավորեց մարդկանց՝ ստեղծելով վստահության, պատկանելիության և հոգևոր կապի զգացում։ Դահլիճում տիրող հուզական լռությունն ու միասնականության զգացողությունը վկայում էին այն մասին, որ իրական արվեստը կարող է դառնալ բուժող և վերականգնող ուժ։
Միջոցառման ավարտից հետո ևս մարդիկ չէին շտապում հեռանալ։ Շատերը ցանկանում էին շարունակել շփումը, կիսվել իրենց զգացողություններով, լուսանկարվել Յուրի Մելիքովի և Մարիամ Մեհրաբյանի հետ։ Այդ շարունակվող հաղորդակցությունը լավագույն ապացույցն էր, որ հանդիպումը դիպել էր մարդկանց ներաշխարհին և ձևավորել իրական մարդկային կապ։
Ուրախությամբ հայտնում ենք, որ առաջիկայում Գայանե Համազասպյանը կղեկավարի «Ծնողական ակադեմիա» ծրագրի իրականացումը՝ նպաստելով ծնողական կրթության, առողջ հաղորդակցության և հոգեբանական իրազեկվածության զարգացմանը համայնքում։ Միաժամանակ, Նառա Մկրտչյանի գլխավորությամբ կմեկնարկեն լայնածավալ արտթերապևտիկ ծրագրեր, որոնք միավորելու են արվեստը և հոգեբանությունը՝ ստեղծելով ինքնարտահայտման, վերականգնման և ներքին ռեսուրսների բացահայտման նոր հնարավորություններ երեխաների, դեռահասների և մեծահասակների համար։
Այս նախաձեռնությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ համայնքային համագործակցությունը, մշակույթն ու հոգեբանական աջակցությունը միասին կարող են ձևավորել ավելի առողջ, գիտակից և հոգատար հասարակություն։
Հետ