ՄԱՍ 2. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՈՂՆԵՐ ՁԵՐ ԴԻՄԱՑ ԴԵՌԱՀԱՍ Է: ՍՈՎՈՐԵՔ ՆՐԱՆԻՑ ԵՎ ԿԱՐՈՂԱՑԵՔ ՄՆԱԼ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

ԴԵՌԱՀԱՍ-ՄԵԾԱՀԱՍԱԿ  ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Դեռահասության փուլի սկզբում ստեղծվում է հակասություններով հղի իրադրություն, հատկապես երբ մեծերը շարունակում են դեռահասի հետ վարվել այնպես, ինչպես երեխայի հետ: Այդպիսի վերաբերմունքը, մի կողմից, հակասության մեջ է տանում դաստիարակության խնդիրների հետ և խանգարում է դեռահասի սոցիալական   հասունության զարգացմանը: 
Մյուս կողմից, այն անհամատեղելի է դառնում սեփական մեծահասակության մասին զարգացող անձնավորության պատկերացումների և նոր իրավունքներից օգտվելու նրա հավակնությունների հետ: Հենց այս հակասությունն է այն կոնֆլիկտների ու դժվարությունների աղբյուրը, որոնք բնորոշ են մեծերի ու դեռահասների հարաբերությունների համար, երբ նրանք տարբեր պատկերացումներ ունեն դեռահասի իրավունքների և. ինքնուրույնության  մակարդակի  մասին: 
Եթե մեծահասակը իր վերաբերմունքը չի փոխել, ապա նոր տիպի հարաբերությունների անցնելու գործում դեռահասը ինքն է նախաձեռնություն հանդես բերում: Մեծի դիմադրությունը դեռահասի կողմից պատասխան վերաբերմունք է առաջ բերում, որը դրսևորվում է անհնազանդության ու բողոքի ձևով, այդ հակասական միտումների ու փոխադարձ դիմադրության գոյությունը առաջացնում է բախումներ, և եթե մեծահասակի վերաբերմունքը շարունակում է անփոփոխ մնալ, ապա դրանք սիստեմատիկ բնույթ են ստանում, իսկ դեռահասի նեգատիվիզմը ավելի ու ավելի անկոտրում է դառնում: Այս իրադրության պահպանման դեպքում նախկին փոխհարաբերությունների վերացումը կարող է տևական բնույթ ստանալ, զբաղեցնել դեռահասության ողջ փուլը և շարունակական կոնֆլիկտի ձև ընդունել: Անհնազանդության և բողոքի տարբեր դրսևորումներով դեռահասը ձևափոխում է մեծահասակների հետ ունեցած իր նախկին «մանկական» հարաբերությունները և նրանց պարտադրում է նոր ու հասուն տիպի հարաբերություններ, որոնց էլ պատկանում է ապագան: Կոնֆլիկտը կարող է շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ մեծահասակը չի փոխել իր վերաբերմունքը: Կոնֆլիկտային փոխհարաբերությունները նպաստում են վարքի հարմարվողական մեխանիզմների զարգացմանը և դեռահասի ազատագրմանը: Առաջ են գալիս մեկուսացվածություն, օտարվածություն, համոզվածություն, որ մեծերը անարդարացի են: Այդ համոզվածությունը հենվում է այն պատկերացման վրա, որ մեծահասակը իրեն չի հասկանում և չի էլ կարող հասկանալ: Սրա հիման վրա առաջանում է մեծահասակների պահանջները, գնահատականները, հայացքները չընդունելու գիտակցված միտում, որի հետևանքով ծնողներն ու ուսուցիչները կարող են ընդհանրապես կորցնել դեռահասի անձի բարոյական ու սոցիալական դիրքորոշումների ձևավորման այդ պատասխանատու փուլում նրա վրա ազդեցություն գործելու հնարավորությունը: 
Կոնֆլիկտը հետևանք է այն իրողության, որ մեծերը հաճախ չեն կարողանում կամ չեն ցանկանում իրենց կողքին նոր տեղ գտնել դեռահասի համար:  Մեծերի հետ ունեցած փոխհարաբերություններում դեռահասի ինքնուրույնության և իրավահավասարության խնդիրը նրա դաստիարակության ամենաբարդ ու սուր կերպով դրվող խնդիրներից մեկն է: Անհրաժեշտ է գտնել ինքնուրույնության այնպիսի աստիճան, որը համապատասխաներ դեռահասի հնարավորություններին, նրան ներկայացվող հասարակական պահանջներին և դաստիարակներին թույլ տար ուղղություն հաղորդել նրան, ազդեցություն գործել նրա անձի զարգացման գործընթացի վրա: 
Մեծերի և դեռահասի շփման գործընթացի յուրահատուկ դժվարությունները կարող են բացակայել, եթե նրանց փոխհարաբերությունները կազմակերպվում են որպես մեծահասակներին բնորոշ հարաբերություններ և ունեն բարեկամական բնույթ կամ բովանդակալից համագործակցության ձև, որին հատուկ են փոխադարձ հարգանքը, փոխօգնությունն ու վստահությունը: Համագործակցության գործընթացում ձևավորվում են դեռահասի և մեծահասակի փոխներգործության նոր եղանակներ, որոնց բարոյա-էթիկական բովանդակությունը համապատասխանում է դեռահասի սոցիալական հասունացման խնդրին և այն նոր պահանջներին, որ նա առաջադրում է մեծահասակների հետ ունեցած իր փոխհարաբերությունների բնույթի նկատմամբ: Հենց համագործակցությունն է պայմաններ ստեղծում դեռահասի սոցիալական ճիշտ տեղը որոշելու համար: Տարբեր գործերում և զբաղմունքներում նա հանդես է գալիս մեծահասակի օգնականի և ընկերոջ դերում, իսկ վերջինս դառնում է նրա բարեկամն ու ընդօրինակման օբյեկտը: Հենց այդպիսի հարաբերություններն են ցանկալի դեռահասին և նպաստավոր նրա դաստիարակության գործի  համար: 
 

Նյութը մշակվել է Ժ. Պիաժեի «Избранные психологические труды» աշխատության հիման վրա, 1969թ.

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար