Կանանց համար ագրեսիա դրսևորելը արտահայտվելու ձև է, որ հնարավորություն է ընձեռնում լիցքաթափվել` ձերբազատվելով բացասական հույզերից: Մինչդեռ տղամարդկանց համար գործիք է, վարքի մոդել տարատեսակ սոցիալական և նյութական հատուցումներ ստանալու համար: Բացի այդ, թե´ կանայք և թե´ տղամարդիկ ագրեսիվ վերաբերմունքն արտահայտում են յուրովի: Տղամարդիկ ուղղակի ձևով են վնաս հասցնում զոհին, իսկ կանայք հարվածում են թիրախին մեջքից, այսինքն` անուղղակի կերպով:
Այսպիսով, առկա է ագրեսիայի դրսևորման սեռային տարբերություն:
Տարբեր են նաև կանանց և տղամարդկանց ագրեսիայի թիրախ դառնալու իրավիճակներն ու հաճախականությունը: Համաձայն վիճակագրական տվյալների, տղամարդիկ շատ հաճախ դառնւոմ են սպանությւոնների զոհ, ինչը չես ասի կանանց պարագայում, կանայք էլ ավելի հաճախ քան տղամարդիկ դառնում են սեքսուալ ագրեսիայի դրսևորման զոհ: Համաձայն վիճակագրական տվյալների, աշխարհում մեծ է կանանց բռնաբարությունների թիվը: Ընդ որում, տղամարդիկ առավել հակված են ագրեսիվ վարքագծի դրսևորման:
Քսենոֆոբիայի հիմնական պատճառը նախապաշարմունքն է: Հակակրանք տածել, չսիրել, ատել՝ պարարտ հող ագրեսիա սերմանելու ու զարգացնելու համար: Մի՞թե հնարավոր է ագրեսիվ վերաբերմունք ցույց տալ այն մարդու հանդեպ, ում սիրում, համակրում ես:
Այս հիմքով կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ: Անգամ, եթե դիմացինդ, ում դու սիրում, հարգում ես անվերապահորեն, վիրավորում է քո ինքնասիրությունն ու արժանապատվությունը, միևնույն է ինչ-որ կերպ վերահսկում ես քո էմոցիաները, տիրապետում ինքդ քեզ և այսպիսով խույս տալիս ագրեսիվ վերաբերմունք դրսևորելուց:
Սակայն պատկերն այլ կլինի, երբ միևնույն իրավիճակում հայտնվես քո չհամակրած, չսիրած մարդու հետ: Այսինքն` այս պարագայում հեշտությամբ կձևավորվի ագրեսիվ վերաբերմունք դեպի տվյալ մարդը:
Սա նշանակում է, որ ագրեսիան սիրո պակասի կամ ընդհանրապես բացակայության արդյունք է:
Հասարակության նկատմամբ ձևավորվող վերաբերմունքի գործում մեծ է անհատի արժեհամակարգի ինչպիսին լինելու դերը: Այսինքն, թե ինչպիսի արժեքներ է կարևորում անհատը, արդյո՞ք դրանք եսակենտրոն են, թե՞ հանրայնացված:
Փոխազդում են ներքին ու արտաքին աշխարհները: Այն վերաբերմունքը, որ անհատը ստանում է հասարակությունից անմիջականորեն անդրադառնում է նրա ներաշխարհի վրա` ձևավորելով իր իսկ անհատական վերաբերմունքը դեպի հասարակությունը: Հասարակություն ասելով պետք է հասկանալ բոլոր օղակներն անխտիր, ուր գեթ մեկ անգամ ոտք է դրել անհատը: Անփոխարինելի է հասարակության դերը թե «հրեշի» և թե «հրեշտակի» կերտման գործում: Այնպես որ հասարակության յուրաքանչյուր անդամի խեղաթյուրված ճակատագրի մեղավորին պետք է փնտրել հասարակության շրջանակներում:
Դառնանք ամենասկզբին, սիրո բացակայություն, ատելություն, հակակրանք զգացմունքներ, որ աներևակայելի արագությամբ ծնում են ագրեսիա:
Անհիմն է խեղված ճակատագրերի, հասարակությանը ոչ պիտանի մարդկանց բեռը գցել միայն գենետիկ կամ անհատական պատճառների վրա: Այո, մեղավոր եմ ես, մեղավոր եք դուք, մեղավոր է նա, մենք բոլորս ենք մեղավոր, որ քաղաքակիրթ աշխարհում, մարդկության շարքերում կան սպանողի, մորթողի, ավիրողի, բռնաբարողի պիտակներ կրողներ և այդչափ նվաստ որակներ ու արժեհամակարգ ունեցողներ: