ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԿԱ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ընթերցանության ժամանակ առավել հաճախ հանդիպող դժվարությունը լսողության խանգարում ունեցող երեխաների մոտ` անբավարար բառապաշարն է, որի հետևանքով նրանք չեն հասկանում նույնիսկ ամենապարզ պատմվածքում առկա բառերը: Դասարանական ընթերցանության համար նախատեսված գրքերում և հատկապես արտադասարանական ժամերի համար նախատեսված գրքերի շատ բառերի իմաստը լսողության խանգարում ունեցող երեխաների համար անհասկանալի է: Այստեղից էլ ծագում է ուսուցչի նպատակասլացությունը որքան հնարավոր է ընդլայնել խուլ երեխաների բառապաշարը: Տեքստում հանդիպող բառերը երեխաներն արտագրում են բառատետրերում, գրում նրանց նշանակությունը և սովորում դրանք: Արտադասարանական ժամերին կազմակերպվում է այսպես կոչված բառերով սպորտային խաղ` ով ավելի շատ և ճիշտ կտա այն բառերի բացատրությունը, որոնք գրված են բառաքարտերի վրա: Պարզվում է, որ այս խնդիրը լսողության խանգարում ունեցող երեխաները հեշտությամբ լուծում են, սովորում են ու տալիս բազում բառերի բացատրությունը, սակայն ընթերցանությյան ժամանակ բառի իմաստը նորից չեն հասկանում: Այստեղից էլ կարող ենք եզրակացնել, որ ոչ թե հենց բառն է իրենից ներկայացնում դժվարություն, այլ բառերի համադրությունը: Երրոորդից չորրորդ դասարանի երեխաները ծավալով փոքր` կես էջ կազմող տեքստից առանձնացնում են մոտ 60-70 անծանոթ բառ: Լսողության խանգարում ունեցող երեխաներն այդ բառերը յուրացնում են առարկայական, հասկացությունների ձևավորման դասերի, բառատետրերի շնորհիվ, որտեղ գրվում է բառն ու տրվում բացատրությունը կամ փակցվում է համապատասխան նկարը: Բայց այն բառատետրերում, որոնցով առաջնորդվում են լսողության խանգարում ունեցող բալիկները, բառերը տրված են իրենց սկզբնաձևերով կամ այն դեմքով, թվով ու ժամանակով, որը հանդիպել է տեքստում ու երեխաներն այն հենց այդպես էլ յուրացրել են: Ցածր դասարանների երեխաները /հաճախ նաև բարձր դասարանցիները/  հանդիպելով տեքստում բառը, որը նախկինում սովորել են, բայց այժմ քերականորեն այն փոփոխված է, չեն ճանաչում: Լսողության խանգարում ունեցող երեխաները հիմնականում շփոթում են այն բառերը, որոնք ունեն տարբեր նշանակություն, բայց ունեն նման տառային կազմ, նույնիսկ եթե շփոթվող բառերում տառերը դասավորված են ոչ նույն հաջորդականությամբ և լրացվում են այլ տառերով: Լսողության խանգարում ունեցող երեխաները հաճախ շփոթում են բառերը որոշ տառերի նմանության հաշվին, չեն կարողանում տարբերակել բառերի տառային կազմը:  Շատ դեպքերում չունենալով բառի լսողական պատկերը, երեխան զուրկ է նաև հստակ տեսողական պատկերից:   Չի կարելի բառերի շփոթումը դասել սովորական անուշադրության շարքին: Նման խնդիր ունեցող ընթերցողները ճիշտ արտաբերում և արտագրում են շփոթվող բառը, բայց նրան այլ նշանակություն են տալիս: Լսողության խանգարում ունեցող երեխաները հնարավորություն ունեն հասկանալ նույնարմատ բառերի նմանությունն այն դեպքում, եթե նրանք իսկապես համարվում են նույնարմատ: Սա օգնում է նրանց յուրացնել բառային ֆոնդն ու կազմել նոր բառեր: Սակայն խուլ երեխաների հետ նմանատիպ աշխատանքին անբավարար ուշադրություն է դարձվում: Հանդիպում է նաև այսպիսի կարծիք, որ խուլ երեխանեին հասու չէ աշխատանքն արմատի հետ: Վերը նշված օրինակները հերքում են նման տեսակետը և ասում այն մասին, որ խուլ երեխաներն արդեն փորձում են որոշակի լեզվական ընդհանրություններ կատարել, չնայած երբեմն խիստ անհաջող: Բայց քանի որ նրանք հաշվի չեն առնում որոշակի պայմաններ և չեն կարողանում առանձնացնել բառի ճիշտ հիմքը, ուստի պետք է ճիշտ իրականացնել բառի արմատի հետ աշխատանքը, պետք է իրականացնել բառերի միջև ճիշտ կապերի բացահայտման համար նախատեսված մի շարք վարժություններ: 
Շատ կարևոր է հասկանալ, թե ինչն է ընկած բառերը շփոթելու հիմքում: Հիմնականում հասկանալու համար, թե ինչ իմաստ է դրվում բառի հիմքում խուլ երեխայի կողմից, անհրաժեշտ է, որպեսզի նա բացատրի բառի իմաստն իր տեսանկյունից, այս դեպքում մենք դիմում ենք հետևյալ միջոցներին` գործողությամբ, ժեստով բառի նշանակության ցուցադրում, երեխաների կողմից իրավիճակի նկարագրություն կամ ցուցադրում, որպեսզի ուսուցչի համար պարզ լինի, թե ինչ իմաստով է խուլը հասկանում տվյալ բառը: Նոր բառը մատուցելիս շատ կարևոր է բառիմաստը բացատրելուց հետո այն համեմատել լսողության խնդիր ունեցող բալիկի կողմից շփոթվող բառերի հետ, նրա ուշադրությունը կենտրոնացնել բառերում տառային կազմի, բառի մասնիկների տարբերության, բառերի տարբեր խոսքի մասերի պատկանելու և մի շարք այլ առանձնահատկությունների վրա: 
 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար