«Ժեստ» հոգեբանական կենտրոնի և «Վարդանանք» կրթահամալիրի երկարամյա, ամուր և արդյունավետ համագործակցությունն այլևս անցել է նոր որակի․ կողմերը պաշտոնապես ստորագրել են համագործակցության մասին հուշագիր՝ ամրապնդելով փոխադարձ վստահության և մասնագիտական աջակցության տարիներով ձևավորված հիմքերը։
Օրերս «Ժեստ» հոգեբանական կենտրոնը հյուրընկալեց «Վարդանանք» կրթահամալիրի պատվիրակությանը՝ հիմնադիր Գայանե Սողոմոնյանի և գործադիր տնօրեն Շուշան Զաքարյանի գլխավորությամբ։ Հանդիպումը մեկնարկեց Մարիամ Մեհրաբյանի և Գայանե Սողոմոնյանի փոխադարձ շնորհակալական խոսքով՝ ընդգծելով տարիների ընթացքում ձևավորված ջերմ ու համագործակցային միջավայրը։
Հանդիպման ընթացքում կողմերը ամփոփեցին իրականացված աշխատանքները և հիշեցին առանձին հաջողված նախաձեռնություններ։ Գայանե Սողոմոնյանը առանձնահատուկ շեշտեց «Ժեստ» հոգեբանական կենտրոնի կողմից «Վարդանանք» կրթահամալիրում առաջին դասարանցիների հոգեբանական գնահատման բարձր արդյունավետությունը՝ ընդգծելով դրա կարևոր դերը կրթական գործընթացում և երեխաների անհատական կարիքներին համապատասխան միջավայր ձևավորելու գործում։
Ինչպես նաև կարևորվեց «Ժեստ» հոգեբանական կենտրոնի կողմից «Վարդանանք» կրթահամալիրի մանկավարժների համար ամենամյա կազմակերպվող թիմակառուցումները։
Իր հերթին Մարիամ Մեհրաբյանը ներկայացրեց «Վարդանանք» կրթահամալիրի համար ստեղծված «չԿանոններ» հոգեբանական խաղի նշանակությունը, դրա կրթական արժեքը և հետագա կիրառելիության լայն հնարավորությունները՝ նշելով, որ խաղը դարձել է զգալիորեն պահանջված գործիք երեխաների հույզերի, սոցիալական հմտությունների և վարքային յուրահատկությունների ուսումնասիրման գործընթացում։
Կողմերը քննարկեցին նաև առաջիկա ծրագրերը, համատեղ նախաձեռնությունները, մասնագիտական կոնֆերանսների և ուսումնամեթոդական միջոցառումների կազմակերպման հեռանկարները։ Հանդիպումը եզրափակվեց համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությամբ՝ արտահայտելով կողմերի պատրաստակամությունը շարունակելու և ընդլայնելու համատեղ աշխատանքը։
«Ժեստ» հոգեբանական կենտրոնը և «Վարդանանք» կրթահամալիրը վստահ են, որ այս հուշագիրը նոր հնարավորություններ կստեղծի երեխաների բարեկեցության, կրթության որակի բարձրացման և հոգեբանական աջակցության զարգացման գործում։
Հետ