Դեռահասին ոչ միշտ ենք տրամադրում անհրաժեշտ պայմաններ հասուն կյանք մտնելու համար: Դեռահասը կարծես երկընտրանքի առաջ լինի, ինչ¬որ տեղ նա դեռ փոքր է, ինչ¬որ տեղ` արդեն հասուն: Հոգեբանական հասունությունը նշանակում է մարդու կողմից իր վարքի գիտակցական կարգավորում և ենթադրում է մարդու որպես անձի իրականացումը: Այս իմաստով դեռահասների հոգեբանական օրինաչափությունների մեջ մտնում այն, որ մարդը որպես անձնավորություն միշտ վարվում է «ես պետք է», և «և ոչ թե ինչպես ուզում է», ելնելով սոցիալականորեն կարևոր արժեքներից` գեղեցկություն, գիտելիքներ, բարոյականություն, երեխաներ, այլ մարդիկ, կատարելագործում, հասարակության զարգացում: «Հոգեբանական հասունության» հասնել նշանակում է, որ մարդու ձևավորվել է արժեքային համակարգ, մոտիվների հիերարխիա, սեփական վարքի գիտակցական կարգավորում, արժեքային համակարգ:
Դեռահասության տարիքը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի` առաջինը հենց բուն դեռահասության տարիքն է` 11-15 տարեկան, և երկրորդ՝ պատանեկություն` 16-19 տարեկան: Այս պայմանական բաժանման պատճառներից է ոչ միայն ֆիզիկական, այլև կոգնիտիվ /իմացական/ զարգացման առանձնահատկությունները: Դեռահասության տարիքի գլխավոր բնութագրերից է հանդես գալիս ուսման շարունակությունը տարբեր հանրակրթական հաստատություններում: Այս ընթացքում երեխան էլ ավելի է ընդգրկվում սոցիումի մեջ: Նա ձեռք է բերում նոր պարտականություններ, ավարտվում է սեռից կախված կողմնորոշումները և արդեն սկսում է մտորել ապագա մասնագիտության մասին: Այս ամենի հետ միաժամանակ զարգանում է դեռահասի հոգեբանական ճանաչողական գործընթացները` մտածողություն, ուշադրություն, հիշողություն, հուզակամային ոլորտ: Ակտիվ զարգանում է կարդալու և խոսելու ունակությունները: Գրավոր խոսքը բնականաբար աճում է զուգահեռ: Միանշանակ կարելի է ասել, որ այս տարիքում ցանկացած իմացական ոլորտի փոփոխություն պայմանավորված է լինում մտածողության զարգացմամբ:
Հայտնի հոգեբան Էրիկ Էրիքսոնը նշում է դեռահասության տարիքում անձի նույնականացման փաստը, որը շատ կարևոր օրինաչափություն է այս տարիքում, երբ պետք է երեխան ըմբռնի իր սոցիալական դերերը (տղա, աշակերտ, ընկեր): Անվստահ, ամաչկոտ դեռահասի մոտ նկատվում է մեղքի և տագնապի զգացում:
Եթե նման խնդիր է ծագել, ապա պետք չէ բացառել, որ շատ հաճախ այլ գործոնների կողքին դեռահասի նյարդային և հոգեկան խանգարումները հիմնված են ծնողների հարաբերությունների վրա: Երեխայի ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողնում ընտանիքի մթնոլորտը, դաստիարակության ձևերը: Ժամանակակից հետազոտություններում բերված են ընտանեկան հարաբերությունների ձևերը, որոնք տարբեր ազդեցություն են թողնում դեռահասի անձի ձևավորման վրա:
Դաստիարակությունը բարդ պրոցես է, որում միմյանց վրա փոխադարձաբար ազդում են, և՛ նրանք ովքեր դաստիարակում են, և՛ նրանք ում դաստիարակում են: Անհնար է, որ մեկը միայն տա, ուղղորդի, գործառնի, իսկ մյուսը միայն պասիվ վերցնողի դերում լինի: Դաստիարակությունը փոխադարձ տալու և վերցնելու, սովորելու և ճանաչելու գործընթաց է: Բնականաբար հոգեբանական բոլոր նորագոյացությունները չեն կարող ի հայտ գալ հարթ ճանապարհով և դրանց շտկման կամ առավել ընդունելի դարձնելու համար մեզ օգնության է հասնում դաստիարակչական գործընթացը, հատկապես հոգեբանի օգնությամբ: