ՄԱՍ 3. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ՁԵՐ ԴԻՄԱՑ ԴԵՌԱՀԱՍ Է: ԴԵՌԱՀԱՍԻ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

Միջին դասարաններում սովորողները սկսում են ուսումնասիրել և յուրացնել գիտությունների հիմունքները: Նրանք պետք է տիրապետեն ծավալուն գիտելիքների: Յուրացման ենթակա նյութը մի կողմից պահանջում է ուսումնա-իմացական, մտածական գործունեության նախկինից ավելի բարձր աստիճան, մյուս կողմից նպատակ ունի զարգացնելու և բարձրացնելու այդ գործունեության մակարդակը: Աշակերտները պետք է յուրացնեն գիտական հասկացությունների մի ամբողջ համակարգ և մաթեմատիկայում, քիմիայում, ֆիզիկայում օգտագործվող բազմաթիվ նշաններ, պետք է սովորեն տեսական դատողություններ կատարել: Այս նոր ու առավել դժվարին ուսումնական առարկաները գիտելիքների յուրացման եղանակներին նոր պահանջներ են ներկայացնում և նպաստում են բանականության բարձրագույն ձևերի` տեսական, ձևական ու ռեֆլեքսիվ մտածողության զարգացմանը:  
Կրտսեր դեռահասների ինքնուրույն աշխատանքի ամենատարածված թերություններից մեկը նյութի մտապահման դիրքորոշմամբ ղեկավարվելն է, երբ հասկացումը չի ապահովվում և յուրացումը կատարվում է մեծաթիվ կրկնությունների միջոցով: Այս թերությունը հսկայական վնաս է հասցնում: Միաժամանակ հայտնի է, որ հենց դեռահասության շրջանում է հիշողության զարգացումը ընթանում դեպի իմաստավորվածություն: Կրտսեր դպրոցականների (II դասարան) և դեռահասների հիշողության պրոցեսների համեմատական հետազոտությունը թույլ տվեց պարզել, որ դրանց վերակառուցումը տեղի է ունենում հետևյալ ուղղություններով. I) մեծանում են միջնորդված մտապահման հնարների քանակությունը և դրանց օգտագործման դեպ֊ քերի թիվը, 2) ավելանում է այդ հնարներն օգտագործող երեխաների թիվը, 3) մնեմիկական (հիշելու) հնարների օգտագործումը ավելի ու ավելի գիտակցված, կանխամտածված ու նպատակաուղղված է դառնում: Ուղղակի կապ գոյություն ունի մտապահման հնարների օգտագործման և դրանց տիրապետման մակարդակի և մտապահման ու վերարտադրության արդյունավետության միջև: 
Սովորողների երկու ծայրահեղ խմբեր կարելի է առանձնացնել չավ մտապահողներ և վատ մտապահողներ: Սրանց մոտ հիշողության պրոցեսները տարբերվում են միմյանցից: V դասարանի լավ մտապահող աշակերտները լայնորեն օգտագործում են սովորելու ոչ միայն ուղղակի, այլև որոշ միջնորդված հնարներ (զուգորդություններ, հիմնային կետերի առանձնացում, իմաստային խմբավորում): Ութերորդ դասարանի այդ խմբին պատկանող աշակերտների համար բնորոշ է մտապահման պրոցեսում միջնորդված հնարների գիտակցված ու կանխամտածված օգտագործումը, ինչպես նաև նյութի տարբեր տեսակների մտապահման համար առավել հարմար հնարների որոնումը: Կենտրոնական տեղ է սկսում զբաղեցնել նյութի բովանդակության վերլուծությունը, նրա յուրօրինակության և ներքին տրամաբանության բացահայտումը: Որոշ դեռահասներ մտապահման հնարներ ընտրելիս հանդես են բերում ճկունություն, մյուսները գերադասում են օգտվել միայն մեկ հնարից: Իսկ ոմանք ձգտում են կարգավորել ու տրամաբանական մշակման ենթարկել ցանկացած նյութ: V դասարանի վատ մտապահող աշակերտները չեն կարողանում իրենց ջանքերը կենտրոնացնել աշխատանքի վրա, հանդես են բերում մտավոր պասիվություն, իսկ VIII դասարանի նույն խմբին պատկանող աշակերտների հիշողության պրոցեսները անճկուն ու նույնատիպ են: Նյութը մշակելու համար նրանց օգտագործած եղանակները աղքատիկ ու միանման են և հաշվի չեն առնում մտապահվող բովանդակության յուրահատկությունները:

Նյութը վերցված Ի. Կոնի «Երեխան և հասարակությունը» 1988թ. աշխատությունից

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար