ՄԱՍ 1. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՈՂՆԵՐ ՁԵՐ ԴԻՄԱՑ ԴԵՌԱՀԱՍ Է: ՍՈՎՈՐԵՔ ՆՐԱՆԻՑ ԵՎ ԿԱՐՈՂԱՑԵՔ ՄՆԱԼ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

ԴԵՌԱՀԱՍ-ՄԵԾԱՀԱՍԱԿ  ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Նոր իրավունքներ  ունենալու իր  հավակնությունը  դեռահասը  տարածում  է  մեծերի հետ ունեցած փոխհարաբերությունների բոլոր կողմերի վրա: Դեռահասը սկսում է դիմադրություն ցույց տալ այն պահանջներին, որոնք նա առաջ հաճույքով էր կատարում: Նա վիրավորվում և բողոքում է, երբ սահմանափակում են իր ինքնուրույնությունը և, ընդհանրապես, որպես «փոքրի», հոգ են տանում իր մասին, ուղղություն են ցույց տալիս, վերահսկում են, պահանջում են հնազանդ լինել, պատժում են, հաշվի չեն առնում իր հետաքրքրությունները, հարաբերությունները, կարծիքները և այլն: Դեռահասը ձեռք է բերում սեփական արժանապատվության խիստ հստակ զգացում, նա իրեն գիտակցում է որպես մարդու, որին չի կարելի ճնշել, ստորացնել, զրկել ինքնուրույնության իրավունքից: Մանկության տարիներին մեծահասակների հետ ունեցած հարաբերությունների դերը, որն արտացոլում էր մեծերի շրջապատում երեխայի ունեցած անիրավահավասար դիրքը, նրա համար դառնում է անընդունելի և սեփական մեծահասակության մակարդակին չհամապատասխանող: Ուսուցիչների իրավունքները նա սահմանափակում է, իսկ իր իրավունքների սահմանները` ընդլայնում, պահանջելով, որ հարգես իր անձն ու մարդկային արժանապատվությունը, վստահեն իրեն, ավելի շատ ինքնուրույնություն տան, հավասար համարեն մեծերի հետ: Նա ձգտում է հասնել այն բանին, որպեսզի մեծերը ընդունեն իր պահանջները: Բողոքների ու անհնազանդության տարբեր դրսևորումները միջոց են ծառայում մեծահասակների հետ ունեցած նախկին հարաբերությունները փոխելու և շփման նոր ձևերի հաստատման համար: Դեռահասի հոգեկանում մեծահասակության զգացման առաջացումն ու շրջապատողների կողմից այն ընդունված տեսնելու պահանջը կյանքի է կոչում բոլորովին նոր մի խնդիր.«Ինչպիսի՞ իրավունքներից պետք է օգտվեն մեծահասակն ու դեռահասը` միմյանց հետ ունեցած փոխհարաբերություններում»: 
Դեռահասության փուլի կարևորությունն ու առանձնահատուկ տեղը պայմանավորված է նրանով, որ մեծահասակի և երեխայի միջև, հաստատված և մանկության տարիքին հատուկ հարաբերությունները հենց այստեղ են փոխարինվում այնպիսի փոխհարաբերություններով, որոնք հատուկ են մեծահասակ մարդկանց շփման գործընթացներին: Այդ անցումը իրենից ներկայացնում է դեռահասի և ուսուցչի սոցիալական փոխներգործությունների նոր եղանակների կազմավորման գործընթաց: Շփման հին եղանակները աստիճանաբար արտամղվում են նորերի կողմից, բայց շարունակում են նաև գոյակցել: Սրա հետևանքով մեծ դժվարություններ են առաջանում և՛ մեծերի, և՛ դեռահասների համար: Դեռահասի վարքը, նրա ինքնագնահատումն ու իր նկատմամբ մեծերի կողմից տրվող վերաբերմունքի գնահատումը միջնորդավորող նոր կանոնները դառնում են ձևավորվող բարոյական աշխարհայացքի հիմքը: 
Փոխհարաբերությունների նոր ձևերին անցնելը բարեհաջող ընթացք կարող է  ունենալ,  եթե մեծահասակը ինքն է նախաձեռնություն հանդես բերում կամ, դեռահասի  պահանջները հաշվի առնելով, փոխում է իր վերաբերմունքը: Որպեսզի սա տեղի ունենա, մեծահասակը պետք է հրաժարվի դեռահասին երեխա համարելուց: Սակայն մի շարք էական հանգամանքներ նպաստում են նախկին հարաբերությունների հարատևմանը: Դրանցից են. 
1) դեռահասի հասարակական դիրքի  անփոփոխությունը, նա «աշակերտ», «դպրոցական» էր և մնում է այդպիսին, 
2) նա նյութական բացարձակ  կախվածության  մեջ  է  գտնվում իր  ծնողներից, որոնք  ուսուցիչների  հետ  միասին  հանդես   են   գալիս  որպես  դաստիարակներ,  
3) ուսուցիչները պահպանում են երեխային ուղղություն տալու և  վերահսկելու  սովորությունը, որը դժվար է վերացնել  նույնիսկ դրա անհրաժեշտությունը  գիտակցելու  դեպքում,  
4)  դեռահասի  արտաքինն  ու վարքագիծը,  հատկապես  առաջին շրջանում,   պահպանում են մանկական  գծեր, և նա դեռևս չի կարողանում ինքնուրույնաբար գործել: Այս ամենի հիման վրա մեծահասակը շարունակում է դեռահասի հետ վարվել այնպես, ինչպես երեխայի հետ, որը պետք է ենթարկվի ու հնազանդվի: Նա  աննպատակահարմար և անտեղի է համարում նրա իրավունքների ու ինքնուրույնության ընդլայնումը: Բայց մեծահասակի այդպիսի վերաբերմունքը անհամատեղելի է ոչ միայն դեռահասի ձգտումների,  այլև այդ տարիքի  երեխաների  դաստիարակության խնդիրների հետ, մի տարիք, երբ անցում է կատարվում մանկությունից դեպի հասունություն: Դեռահասի սոցիալական հասունացումն   անհրաժեշտ է ապագա կյանքին նախապատրաստվելու համար, այդ հասունացումը բարդ և ժամանակ  պահանջող գործընթաց  է և հնարավոր  է միայն այն դեպքում,  եթե  դեռահասը  սկսում  է  ապրել մեծահասակների  կյանքի  համար բնորոշ  կանոններին  և պահանջներին  համապատասխան:  Իսկ  սա անհրաժեշտաբար պահանջում է մեծացնել նրա ինքնուրույնությունը, ընդլայնել պարտականություններն ու իրավունքները: Միայն այդպիսի հանգամանքներում աստիճանաբար դեռահասը կսովորի գործել «մեծի նման»,  մտածել,  տարբեր տեսակի խնդիրներ լուծել, շփվել մարդկանց Հետ: Այս պատճառով էլ դեռահասին ճիշտ դաստիարակելու համար մեծահասակի հետ ունեցած նրա նախկին հարաբերություններին պետք է փոխարինելու գան նոր տիպի հարաբերությունները:

Նյութը մշակվել է Ժ. Պիաժեի «Избранные психологические труды» աշխատության հիման վրա, 1969թ.

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար